Երեքշաբթի, 04 Մայիսի 2021 16:12

Ուրոշ Նենադովիչ․ «Հուսով եմ կկարողանանք տիտղոս նվաճել Արարատի համար»

VBET Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Արարատը» հյուրընկալվել էր «Արարատ-Արմենիային» ու պարտություն կրեց 1-2 հաշվով, թեև դուրս եկավ եզրափակիչ՝ շնորհիվ մրցակցի դաշտում տարած 2-0 հաշվով հաղթանակի։

«Արարատի» միակ գոլը խփեց թիմի սերբ ֆուտբոլիստ Ուրոշ Նենադովիչը, որի հետ Armsport.am-ն ամփոփել է գավաթային անցած ուղին։

-Ուրո՛շ, ինչպիսի՞ն էր Գավաթի եզրափակիչ բերող ճանապարհը։

-Շատ դժվար ճանապարհ էր։ «Սևանի» հետ առաջին խաղին լավ խաղացինք, հետո մրցեցինք «Վեստ Արմենիայի» դեմ․ շատ դժվար խաղ էր, որովհետև առաջին հանդիպմանը պարտվել էինք 0-2 հաշվով , իսկ հաջորդում ցույց տվեցինք, որ մենք ավելի լավն ենք և անցանք հաջորդ փուլ։ Հետո եկավ «Արարատ-Արմենիան» ու առաջին խաղը մենք շատ լավ անցկացրեցինք: Պատասխան խաղում վերահսկողությունը հանձնեցինք «Արարատ-Արմենիային», շատ տարածություն տվեցինք նրանց։ Իսկապես, շատ դժվար էր դիտել ու խաղալ այս խաղը, բայց կարողացանք պայքարել ու ստանալ այն, ինչին մենք արժանի էինք, իսկ դա երկար ժամանակ անց եզրափակչում խաղալու հնարավորությունն է։

-«Արարատ-Արմենիայի» դեմ առաջին խաղում տարած հաղթանակը ձեզ ավելորդ հանգստությո՞ւն էր հաղորդել և արդյոք դա էր պատճառը, որ պատասխան խաղում պարտվեցիք։

-Կարծում եմ՝ այո։ Հենց դա էր այս խաղում պարտվելու պատճառը։

-Ի՞նչ զգացողություն է, երբ պարտվում ես, բայց միևնույն ժամանակ հաղթողը դու ես։

-Գավաթային խաղերը միշտ արդյունքի վրա են խաղում։ Դիմակայությունը երկու խաղից է բաղկացած ու ամեն ինչ կարող է լինել։ Ես այս երկու խաղերին նայում եմ՝ որպես առաջին և երկրորդ խաղակեսերի․ առաջին կեսում մենք հաղթեցինք 2-0, երկրորդում 1-2 պարտվեցինք, իսկ ընդհանուր խաղում հաղթեցինք 3-2:

- Երկրորդ խաղում ձեր թիմի միակ գոլը խփեցիր դու․․․

-Շատ ուրախ եմ թիմի ու երկրպագուների համար։ Այս ակումբն իր պատմությամբ ու իր շուրջը գտնվող ամեն ինչով արժանի էր եզրափակչում խաղալուն։ Հույս ունեմ՝ երկար ժամանակ անց մենք կկարողանանք տիտղոս նվաճել այս ակումբի համար։

-Ի՞նչ կասես եզրափակչի ձեր մրցակցի մասին։

- «Ալաշկերտը» լավ թիմ է, բայց մենք պատրաստվում ենք կենտրոնանալ մեզ վրա ու փորձել երբեք չկրկնել նույն սխալները։

-Ի՞նչ է պետք եզրափակչում հաղթելու համար։

-Տիտղոսներ նվաճելու քաղց, թիմային խաղ ու հաջողություն։