Վսևոլոդ Երմակովը 5-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց՝ 519 րոպե շարունակ գոլ բաց չթողնելով: Նա ընդգրկվեց դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբում»: Երմակովի համար ներկայիս ցուցանիշն անձնական ռեկորդ է: Մինչ այդ նա իր լավագույն արդյունքը ցույց էր տվել նախորդ առաջնությունում «Շիրակում»՝ 441 րոպե շարունակ դարպասն ամուր փակի տակ պահելով:
«Արարատի» դարպասապահների ցանկում Երմակովի արդյունքը 4-րդն է: Նա լավ հնարավորություն ունի գերազանցելու թիմի նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանի ռեկորդային ցուցանիշը, որը 2013/14թթ. առաջնությունում 6 խաղ շարունակ, ընդհանուր առմամբ 580 րոպե դարպասն անառիկ է պահել:
Ընթացիկ առաջնությունում Երմակովն արդեն 8-րդ «չոր» խաղն անցկացրեց, ինչը լավագույն արդյունքն է: Բարձրագույն խմբում անցկացրած 75 հանդիպումներից 39-ում Երմակովը դարպասն անառիկ է պահել: Այդ ցուցանիշով նա այլազգի դարպասապահներից առայժմ զիջում է միայն Անատոլի Այվազովին (45 խաղ) և Նենադ Ռադաջային (41):
«500-ի ակումբում» ընդգրկված են այն դարպասապահները, որոնց հաջողվել է ՀՀ առաջնություններում իրենց անցկացրած հանդիպումներում դարպասն անընդմեջ 500 և ավելի րոպե անառիկ պահել: Յուրօրինակ ռեկորդակիրը «Շիրակի» նախկին դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանն է, ով 2002թ. առաջնությունում դարպասն անընդմեջ 755 րոպե անառիկ է պահել: