VNews.am-ը ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության աշնանային հատվածում «Արարատի» ելույթների ամփոփումը:
1․ Նախորդ մրցաշրջանի համեմատ կրկին կազմը գրեթե լիովին փոփոխած «Արարատը» մարզչական նոր շտաբի ղեկավար Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ հաջող հանդես եկավ 29-րդ առաջնության աշնանային հատվածում: 10 հանդիպումներում վաստակած 18 միավորով (+5=3-2, 14-6) «Արարատը» դարձավ առաջնության աշնանային հատվածի հաղթող՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով նույնպիսի արդյունք գրանցած «Արարատ-Արմենիայից» և «Ալաշկերտից»: «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում էլ արարատցիները 2-1 հաշվով հաղթանակ էին տոնել:
«Արարատի» ներկայիս արդյունքը 4 միավորով զիջում է նախորդ առաջնության աշնանային հատվածի 10 հանդիպումներում թիմի գրանցած ցուցանիշին: Այն ժամանակ «Արարատը» Սերգեյ Բոյկոյի և նրան 6-րդ տուրից փոխարինած Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ անցկացրած 10 հանդիպումներում վաստակած 22 միավորով (+7=1-2, 17-7) միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային»:
2․ «Արարատը» սեփական դաշտում մնաց անպարտելի՝ 3 խաղում վաստակելով 7 միավոր (+2=1-0, 6-1), ինչը հնարավոր միավորների 77,7 տոկոսն է: Առայժմ միայն «Նոային» է հաջողվել հյուրընկալվելիս մեկ միավոր վաստակել «Արարատի» հետ մրցավեճում:
Մրցակցի հարկի տակ անցկացրած 7 հանդիպումներում արարատցիները վաստակեցին 11 միավոր (+3=2-2, 8-5), ինչը հնարավոր միավորների 52,3 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ արարատցիները հաղթել են «Շիրակին» (3-0), «Ալաշկերտին» (2-1) և «Վանին» (1-0):
3․ «Արարատն» առաջնությունում 2 անգամ 2 անընդմեջ հաղթանակ տոնեց: Վերջին 6 հանդիպումներում արարատցիներն անպարտելի էին՝ տոնելով 3 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի:
10 հանդիպումներից միայն 2-ում («Լոռի»՝ 0-1, «Արարատ-Արմենիա»՝ 0-0) «Արարատը» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը՝ սեփականն անառիկ պահելով 5 խաղում («Փյունիկ»՝ 1-0, «Շիրակ»՝ 3-0, 4-0, «Արարատ-Արմենիա»՝ 0-0, «Վան»՝ 1-0):
«Արարատի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեցին, երկուսն էլ «Շիրակի» նկատմամբ՝ 3-0, 4-0: Արարատցիները խոշոր հաշվով չպարտվեցին:
4․ «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 4 հարված, որից 2-ը՝ «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում: Իրացվել է 3-ը: «Արարատի» օգտին նշանակված 11մ 2 հարվածներից մեկը դիպուկ է իրացրել Մորի Կոնեն՝ գրավելով ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը: Իսկ ահա Արտակ Եդիգարյանը գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանի հետ մենամարտում պարտվել է:
«Արարատի» դարպասին նշանակված 11մ 2 հարվածներն էլ դիպուկ են իրացրել «Նոայի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը և գանձասարցի Վբեյմար Անգուլոն:
5․ Առաջնության աշնանային հատվածի 11 հանդիպումներում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը) «Արարատը» 16 գոլ խփեց, որոնց հեղինակներ դարձան թիմի 9 ֆուտբոլիստներ: Խուան Բրավո Պադիլյան բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում, Իգոր Ստանոևիչը, Ուրոշ Նենադովիչը, Մորի Կոնեն, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը և Աղվան Պապիկյանն առաջին գոլերը խփեցին «Արարատում»:
5 գնդակով «Արարատի» լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորում է Ուրոշ Նենադովիչը, որն ընդգրկվեց թիմում հանդես եկած ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում: Բարձրագույն խմբում խփած 25 գնդակով Նենադովիչը 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում եզրափակում է լավագույն տասնյակը: Նա դարձավ ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստը՝ գերազանցելով 22 գոլի հեղինակ դարձած նախկին արարատցի Ալեքսանդր Ռակիչի ցուցանիշը:
6․ Մորի Կոնեն իր հաշվին 3 գոլ գրանցելով, գերազանցեց «Արարատի» նախկին լեգեոնական Ռոման Հարկուշայի 25 տարեկանի համար 2009թ. սահմանած տարիքային ռեկորդը (2 գոլ): Նոյեմբերի 21-ին «Ալաշկերտի» դարպասը Կոնեի խփած գնդակը Բարձրագույն խմբում «Արարատի» հոբելյանական՝ 1200-րդ գոլն էր:
Խուան Բրավո Պադիլյան ընդգրկվեց «Արարատում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: Նոյեմբերի 3-ին նա «Շիրակի» դարպասը գրավել էր 30 տարեկան 216 օրականում: Խուան Բրավո Պադիլյան տասնյակից դուրս թողեց Ալեքսանդր Ռակիչին, որն իր վերջին գոլն «Արարատում» խփել էր 28 տարեկան 221 օրականում:
7․ «Արարատում» անցկացրած խաղերի քանակով Դավիթ Խուրցիձեն (36) և Իվան Սպիչկան (33) ընդգրկվեցին թիմում հանդես եկած ամենափորձառու լեգեոնականների տասնյակում: Այդ ցանկը գլխավորում է բրազիլացի Ռենատո դե Մորայեսը, որն «Արարատում» 92 խաղ է անցկացրել:
Մարկո Պրլևիչն (32 տարեկան 130 օրական) ընդգրկվեց «Արարատում» հանդես եկած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով Ալեքսանդր Դուբոկինին (30 տարեկան 306 օրական):
8․ Վսևոլոդ Երմակովն առանց փոխարինման «Արարատի» դարպասը պաշտպանեց անցկացրած բոլոր 11 հանդիպումներում՝ բաց թողնելով 7 գոլ: 5 խաղում նա դարպասն անառիկ պահեց՝ ցույց տալով լավագույն արդյունքն առաջնության մասնակից դարպասապահների շրջանում:
Միայն «Նոային» հաջողվեց մեկ խաղում մեկից ավելի գոլ խփել Երմակովին՝ 2 անգամ գրավելով նրա դարպասը: Վսևոլոդ Երմակովը ՀՀ առաջնություններում «Արարատի» դարպասը պաշտպանած 31-րդ դարպասապահն է:
9․ Առաջնության աշնանային հատվածում «Արարատում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը թիմի 34-ամյա ավագ Հրայր Մկոյանն էր: Նա նաև Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով (260) «Արարատի» ամենափորձառու ֆուտբոլիստն էր: Մկոյանն ընդգրկվեց ՀՀ առաջնություններում «Արարատում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Դեկտեմբերի 10-ին «Վանի» հետ կայացած առաջնության վերջին խաղում Մկոյանը 34 տարեկան 99 օրական էր: Նա ցանկից դուրս մղեց Ռաֆայել Սաֆարյանին, որն անցյալ տարի «Արարատում» ելույթներն ավարտել էր 33 տարեկան 120 օրականում:
Իսկ Զավեն Բադոյանը թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ՀՀ առաջնություններում առավել հաճախ՝ 57 անգամ խաղադաշտ է դուրս եկել «Արարատի» մարզաշապիկով:
«Ալաշկերտի» հետ խաղում նորամուտը նշած 20-ամյա Սերյոժա Թիթիզյանն արարատցիներից ամենաերիտասարդն էր:
10․ Առաջնության աշնանային հատվածում «Արարատի» կազմում խաղադաշտ դուրս եկան 21 ֆուտբոլիստներ, որոնցից 10-ը լեգեոնականներ էին: Նրանցից միայն Դավիթ Խուրցիձեն, Իվան Սպիչկան, Զավեն Բադոյանն ու Ռազմիկ Հակոբյանն էին նախորդ մրցաշրջանում հանդես եկել «Արարատում»: Մնացած 17 ֆուտբոլիստները, որոնցից 10-ը նախորդ առաջնությունում խաղացել էին «Շիրակում», նորամուտը նշեցին «Արարատում»:
Արարատցիները 19 անգամ զգուշացվել են, Հրայր Մկոյանը հեռացվել է խաղադաշտից: Որքան էլ որ զարմանալի է, առավել հաճախ՝ 3 անգամ դեղին քարտի է արժանացել դարպասապահ Վսևոլոդ Երմակովը:
VNews.am-ը ներկայացնում է «Արարատի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը):
Ֆուտբոլիստներ | Խաղ | Գոլ | Զ (Հ) |
1. Վսևոլոդ Երմակով | 11 | -7 | 3 |
2. Ուրոշ Նենադովիչ | 11 | 5 | – |
3. Դավիթ Մանոյան | 11 | 1 | 1 |
4. Արտակ Եդիգարյան | 11 | – | – |
5.Մորի Կոնե | 10 | 3 | 1 |
6. Դավիթ Խուրցիձե | 10 | 2 | 1 |
7. Կարեն Մուրադյան | 10 | – | 2 |
8. Աղվան Պապիկյան | 9 | 1 | 1 |
9. Մարկո Պրլևիչ | 9 | – | 1 |
10. Սոլոմոն Իմե Ուդո | 9 | – | 2 |
11. Ժիրայր Մարգարյան | 9 | – | 1 |
12. Իգոր Ստանոևիչ | 8 | 1 | – |
13. Հրայր Մկոյան | 8 | – | 1 (1) |
14.Իվան Սպիչկա | 8 | – | 2 |
15.Զավեն Բադոյան | 7 | 1 | 1 |
16. Խուան Բրավո Պադիլյա | 7 | 1 | 1 |
17. Էդգար Մալաքյան | 7 | 1 | – |
18. Քրիստիան Խիմենես Ռոդրիգես | 6 | – | 1 |
19. Ռազմիկ Հակոբյան | 1 | – | – |
20. Վահե Մուրադյան | 1 | – | – |
21. Սերյոժա Թիթիզյան | 1 | – | – |