Երկուշաբթի, 28 Հունիսի 2021 12:02

Յուրաքանչյուր հայկական թիմում պետք է լինի հայկական շունչ. Վարդան Բիչախչյան

Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատն» այս օրերին մարզվում է Ձորաղբյուրի մարզաբազայում՝ նախապատրաստվելով կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլին։ Կարևորագույն ստուգատեսից առաջ երևանյան թիմից հեռացել են առաջատար ֆուտբոլիստներ՝ այդ թվում հարձակվող Ուրոշ Նենադովիչը, կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն։ Այնուամենայնիվ, երևանյան թիմը նաև համալրում է կազմը։ Թիմին է միացել կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։ Այսօր հայտնել ենք, որ թիմին կմիանա նաև հարձակվող Սերժ Դեբլեն, ևս 6-7 ֆուտբոլիստներ արդեն երևանյան թիմում են, որոնց մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։

Կոնֆերենցիաների գավաթի նախապատրաստության, նախորդ մրցաշրջանի, առաջիկա անելիքների և այլ թեմաների մասին ArmSport-ը զրուցել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի հետ։

Ընդհանուր առաջնությունն ինչպե՞ս կամփոփեք։ Ինչպիսի՞ն էր այն «Արարատի» համար։

-Անցած տարվա մարտից ամբողջ աշխարհը խառնվեց իրար՝ կորոնավիրուսի հետ կապված, և բացառություն չէր նաև Հայաստանը։ Նախ շատ սեղմ ժամանակում ավարտեցինք նախանցած մրցաշրջանն ու հենց կորոնավիրուսի պայմանններում սկսեցինք նոր առաջնությունը, որը դեռ չմեկնարկած, թիմում արդեն ունեինք կորոնավիրուսով վարակվածներ, ինչի պատճառով շատ խաղացողներ երկար ժամանակ բաց թողեցին։ Ճիշտ է, մենք բացառություն չէինք, բոլոր թիմերն էլ ունեցել են նման խնդիր։ Հետո դրան հաջորդեց պատերազմը։

Հոգեբանորեն շատ դժվար էր, և մինչև այսօր էլ դժվար է, բայց մի կերպ կարողացանք առաջնության առաջին հատվածն ավարտել։ Եթե փորձեմ ընդհանուր գնահատական տալ, առաջնության վերջում ունեինք ռեալ շանսեր չեմպիոն դառնալու։ Ցավոք սրտի չկարողացանք։ Առաջին շրջանից հետաձգված խաղեր կային, որոնք անցկացրեցինք մայիսին ու ծանրաբեռնվեցինք շատ։ Այս տարի երկու ճակատով էինք պայքարում՝ առաջնությունում և գավաթի խաղարկությունում։ Գավաթը նվաճելուց հետո ունեցանք վնասվածքներ, կորցրեցինք հարձակման գծի տղաների։ Մի խոսքով, ունենալով ռեալ շանսեր, չկարողացանք չեմպիոն դառնալ։ Իսկ ընդհանուր առմամբ մրցաշրջանը կարող եմ համարել բավարար՝ հաշվի առնելով, որ դարձանք գավաթակիր ու նվաճեցինք կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։

-Եվրագավաթային խաղից առաջ թիմից հեռացան մի շարք առաջատարներ։ Ի՞նչ համալրումներ կլինեն թիմում։

-Նախ ասեմ, որ ցանկացած մրցաշրջանի ընթացքում կամ ավարտից հետո նման փոփոխություններ լինում են։ Մեր պարագայում խնդիրն այլ էր։ Նրանք համարվում էին առանցքային խաղացողներ, ու ես շատ էի ուզում, որ նրանք մնան թիմում, բայց քանի որ պայմանագրերը ավարտվել էին, իմ ունեցած տեղեկություններով ակումբն ու ֆուտբոլիստները ընդհանուր հայտարարի չեն եկել և ակումբը հաջողություն է մաղթել տվյալ ֆուտբոլիստներին հետագա կարիերայում։ Չկան անփոխարինելի մարդիկ ոչ մի բնագավառում։ Նորմալ է, առաջին անգամ չի, որ բախվում ենք նման խնդրի հետ։ Շիրակում էլ, յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո ունեցել ենք նման դեպքեր, ու ֆուտբոլիստներին չենք խոչընդոտել հեռանալ թիմից։ Եկել են նորերն ու կարողացել ենք արագ ստեղծել իրավիճակ, որ կարողանան հարմարվել թիմին։ Հիմա մենք պատրաստվում ենք եվրագավաթներին։ Դեռ վերջնական չենք կազմավորել թիմը։ Հիմա ունենք 6-7 նոր հայ ֆուտբոլիստ։ Մեզ կմիանա Սերժ Դեբլեն, որը շատ լուրջ ձեռքբերում է, հաշվի առնելով, որ հեռացել է Ուրոշ Նենադովիչը։ Ցանկալի կլինի, որ կարողանանք նաև հենակետայինի դիրքն ուժեղացնել ու աշխատանքներ տանում ենք այդ ուղղությամբ։ Հիմա Էդգար Մալաքյանի վնասվածքն է մեզ անհանգստացնում, արդեն մարզվում է անհատական ծրագրով ու սպասում ենք, որ միանա թիմին։ Ընթացքի մեջ ենք, ու մի քանի օրվա մեջ թիմը կունենա վերջնական տեսք։

Կարճ ժամանակահատվածում նոր ֆուտբոլիստներով պատրաստվել եվրագավաթային խաղերին, ինչքանո՞վ է դժվար մարզչի համար։ 

-Իմ կարծիքով դա մարզչի ամենադժվար խնդիրներից մեկն է, քանի որ չունենալով ժամանակ, պիտի կարողանաս այդ բացերը փակել, հետևաբար կարևոր է, որ այդ փոփոխությունները լիարժեք լինեն, որպեսզի կարողանաս շատ արագ այդ բացը լրացնել։ Բայց շատ բան էլ կախված չէ մեզանից, քանի որ ակումբ-ֆուտբոլիստ բանակցություններ են, ու մենք բացառութուն չենք, բոլոր թիմերն էլ այդ իրավիճակով անցնում են։ Ցանկացած տեղ նման բաներ լինում են։ Կտեսնենք, թե մենք ինչքանով կկարողանանք պատրաստվել այս ժամկետում։

-Ի՞նչ կասեք կոնֆերենցիաների գավաթի վիճակահանության մասին։

-Վիճակահանության առաջին օրը իմացանք հնարավոր մեր մրցակիցներին։ Կային 4 թիմեր, ու իմ կարծիքով այդ 4-ից ամենաուժեղ մրցակիցը մեզ բաժին հասավ։ Ուսումնասիրում ենք մրցակցին, ու լավ տպավորություն է թողնում։ Պատահական չէ, որ այդ թիմից 3-4 հոգի հիմա իր հավաքականների կազմում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։ Ամեն դեպքում,  եթե թիմում կան մի քանի հավաքականի խաղացողներ, դա շատ բանի մասին է խոսում։ Հիմա ավելի կենտրոնացած ենք, որ կարողանանք մեր թիմը կոմպլեկտավորել։ Առաջին ստուգողական խաղն անցկացրեցինք  «Ալաշկերտի» հետ, ու մնաց մեկ խաղ «Ուրարտուի» հետ։ Շատ ցանկալի է, որ մինչև այդ խաղը թիմը ձևավորված լինի, որպեսզի կարողանանք մեր մարտավարական խնդիրները փորձարկել այդ խաղում։ 

-Ընթացիկ մրցաշրջանի ավարտին շատ էին խոսակցությունները, որ հնարավոր է վերադառնաք «Շիրակ»։ Եղե՞լ է նման առաջարկ։

-Նման խոսակցություն չի եղել ընդհանրապես։ Այս պահին ես գլխավորում եմ «Արարատը»։ Մենք կարևոր խաղերի ենք պատրաստվում։ Խոսակցություններին ուշադրություն չեմ դարձնում, ու ինձ էլ առաջարկություն չի եղել ընդհանրապես ոչ մի ակումբից։ Այս պահին մենք պատրաստվում ենք կոնֆերենցիաների լիգային։ Իմ պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է օգոստոսի 1-ին և դրա երկարաձգման մասին ոչ մի խոսակցություն չի եղել։ Դա հիմա ամենաքիչն է ինձ հետաքրքրում։ Հիմա կենտրոնացած ենք միայն կոնֆերենցիաների խաղարկությանը։ 

-Վերջին տարիներին ի՞նչ դրական փոփոխություններ կան Հայաստանի առաջնությունում։

-Մեր առաջնությունը բավականին սպեցիֆիկ առաջնություն է։ Հաշվի առնելով այն փաստը, որ կեսից ավելի թիմեր պայքարում են չեմպիոնության համար։ Այս առումով մեր առաջնությունը յուրահատուկ է, ու նաև թիմերը բավականին ուժեղացել են։ Որոնք դուրս են չեմպիոնական պայքարից, այդ թիմերի դեմ խաղում ոչինչ երաշխավորված չէ։ Վառ ապացույց էր այս մրցաշրջանում Փյունիկի, Վանի, Շիրակի դեմ խաղերը։ Այս առումով անկանխատեսելի առաջնություն էր, ու եթե մնացած երկրներում 10-15 խաղ հետո ընդգծվում է մրցաշարային աղյուսակը, մեզ մոտ մինչև վերջին տուրը քաոսային իրավիճակ է։ Մակարդակն իմ կարծիքով բարձրացել է առաջնության։ Դա կախված է թե՛ լեգիոներների  ներկայությամբ, թե՛ հայ ֆուտբոլիստների։ Քանի որ Հայաստանի հավաքականի մարզիչն այսօր մեծ ուշադրություն է դարձնում բոլորին, ու եթե հայ ֆուտբոլիստները, խաղալով Հայաստանի առաջնությունում, երազանք ունեն հայտնվելու ազգային հավաքականում, այդ ամենը գիտակցելով՝ փորձում են մեծ մոտիվացիա ապահովել, ինչի հաշվին էլ մեր առաջնությունը դրական առաջընթաց ունի։ 

-Ի՞նչ կասեք Լեգիոներների սահամնափակման մասին։ Որքանո՞վ էր արդարացված ֆեդերացիայի որոշումը՝ որոշակի սահմանափակման մասով։ 

-Այս տարի ֆեդերացիան մեկնարկային կազմում 2 հայ ֆուտբոլիստի պարտադիր լինելը դարձրեց 3, բայց ինձ թվում է՝ տեմպերը դանդաղ են։ Ես միանշանակ կողմ եմ լեգիոներների սահմանափակմանը։ Եթե ուշադրություն դարձնեք «Շիրակին»՝ թեկուզ նախանցած տարվա, նայեք «Արարատին» կտեսնեք, որ խաղադաշտում 5 հայ խաղացող շատ դեպքերում եղել են մեր մեկնարկային կազմում։ Շատ կարևոր է, որ հայկական թիմերում լինի հայկական շունչ։ Եթե պիտի թիմի 70 տոկոսը լինի արտասահմանցի, իսկ 30 տոկոսը հայ, այն էլ  հայտացուցակի մեջ պարտադիր լինելու համար, դա չեմ ընդունում։ Յուրաքանչյուր հայկական թիմում պիտի լինի հայկական շունչ։ Համաձայն եմ՝ պարտադիր են որակյալ լեգիոներները, բայց ոչ ավելին քան անհրաժեշտ է։