Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2020 21:44

Ուդոն ու Մուրադյանը պատմություն կերտեցին հավաքականի հետ

Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթներն Ազգերի լիգայի խաղարկությունում։ Խուակին Կապարոսի գլխավորությամբ մեր ընտրանին իր ենթախմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ հնարավորություն ստանալով հաջորդ Ազգերի լիգայի խաղարկության ժամանակ ընդգրկվելու ավելի բարձր՝ B դիվիզիոնում։

C դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Կապարոսի թիմը հաղթեց նվազագույն հաշվով ու նվաճեց խմբի հաղթողի կոչումը։ Միակ գոլը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը։

Այս հաղթանակին իրենց ներդրումն ունեցան նաև «Արարատի» կիսապաշտպաններ Սոլոմոն Ուդոն և Կարեն Մուրադյանը։ Ուդոն Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց միայն ընդմիջմանը, իսկ Կարեն Մուրադյանը դաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին։

Հավելենք, որ «Արարատի» ֆուտբոլիստները մասնակցել էին նաև նոեյեմբերի 15-ին Վրաստանի դեմ հաղթական խաղին։