Երկուշաբթի, 19 Ապրիլի 2021 21:36

13 տարի անց նորից կիսաեզրափակիչ․ «Արարատ»-«Արարատ-Արմենիա»

VBET Հայաստանի Գավաթում մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը։ Ապրիլի 20-ին «Արարատը» կիսաեզրափակիչ առաջին խաղում սեփական հարկի տակ ընդունելու է «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և մեկնարկելու է ժամը 18։30-ին։

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են «Ալաշկերտը» և «Նոան»։

ԱՅՍ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

Այս մրցաշրջանում թիմերը հանդիպել են երկու անգամ և երկու խաղերն էլ եղել են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանում։ Առաջին խաղը կայացել է դեկտեմբերի 2-ին ու գոլազուրկ ավարտ է ունեցել, իսկ ահա երկրորդ խաղում, որը կայացել է փետրվարի 25-ին առավելության է հասել «Արարատը» Դիմիտրիյե Պոբուլիչի միակ գոլի շնորհիվ։

ԳԱՎԱԹԱՅԱԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Մինչ VBET Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչ փուլ հասնելը «Արարատը» պայքարից դուրս է թողել նախ «Սևանին» (ընդհանուր հաշիվ՝ 6։1), այնուհետև «Վեստ Արմենիային» (ընհանուր հաշիվ 5։3), ընդ որում դիմակայության առաջին խաղում «արարատցիները» պարտվել էին 0։2 հաշվով։ Երկրորդ խաղում «Արարատը» փայլուն հանդիպում անցկացնելով հետ է բերել կորցրածն ու հաղթել 5։1 հաշվով։

«Արարատ-Արմենիան» որպես նախորդ տարվա եզրափակչի մասնակից, գավաթային պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ բավականին դժվարությամբ հաղթահարել է «Վանի» արգելքը։ Անատոլի Բայդաչնիի թիմը հաջորդ փուլ է անցել միայն 11-մետրանոց հարվածաշարում հաջողության հասնելու շնորհիվ։

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ՝ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ

«Արարատը» ներքի առաջնությունում վերջին երկու խաղերում անհաջող է ելույթ ունեցել և գավաթային հանդիպումը «Արարատ-Արմենիայի» հետ լավ հնարավորություն կարող է լինել նորից հաղթական ուղի բռնելու համար։

13 տարի անց «Արարատը» նորից կիսաեզրափակչում է։ Քառորդ եզրափակչի արգելքը նախորդ անգամ հաղթահարվել էր 2008 թվականին՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ։ Ի դեպ, վերջին անգամ «Արարատը» գավաթակիր է դարձել հենց այդ տարի՝ եզրափակչում հաղթելով «Բանանցին» 2։1 հաշվով։

Այս տարի «Արարատը» գավաթի խաղարկության ամենաարդյունավետ թիմն է․ 4 խաղում «արարատցիները» խփել են 11 գոլ։

«Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպամնը երկրպագուների մուտքը կլինի ազատ։Հանդիպումը ցուցադրվելու է ATV հեռուստաալիքով և ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով։

Խաղը սպասարկելու է մրցավար Արտեմ Գասպարյանը, իսկ ՀՖՖ պատվիրակն է լինելու Մհեր Խուդավերդյանը։