Երեքշաբթի, 06 Ապրիլի 2021 23:37

«Ուրարտու» - «Արարատ». 19-րդ տուրի խաղին ընդառաջ

«Արարատը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում կյուրընկալվի «Ուրարտուին»։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում, ժամը 18։00-ին։

«Արարատը» լավ տրամադրությամբ է մոտենում խաղին։ Երևանյան թիմը VBET Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակչի պաստասխան խաղում 5։1 հաշվով հաղթանակ տոնեց «Վեստ Արմենիայի» նկատմամբ ու նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։ Առաջին խաղում «արարատցիները» պարտվել էին 0։2 հաշվով։

Ի տարբերություն «Արարատի», «Ուրարտուն» չկարողացավ հաղթահարել գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի արգելքը՝ ճանապարհը զիջելով «Նոային» պարտվելով ընդհանուր 4։2 հաշվով։

 ԴԻՐՔԸ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ

«Արարատը» հանդիպմանը մոտենում է միանձյան առաջատարի կարգավիճակով։ Թիմը ներքին առաջնությունում վերջին պարտությունը կրել է նախորդ տարվա հոկտեմբերին՝ զիջելով առաջնությունից դուրս եկած «Լոռիին»։ Առաջնությունում անցկացրած վերջին 9 հանդիպումներում էլ «Արարատն» անպարտելի է՝ տանելով 5 հաղթանակ,իսկ 4 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Իսկ ահա «Ուրարտուում» իրավիճակը բավականին անկայուն է։ Թիմում մարզչական փոփոխություն է եղել, Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է, նրան ժամանակավոր փոխարինել է Տիգրան Եսայանը։ «Ուրարտուն» վերջին 5 խաղերում միայն մեկ հաղթանակ է տոնել։

 ԿԳԵՐԱԶԱՆՑԻ՞ ԵՐՄԱԿՈՎԸ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ

Եթե Վսևոլոդ Երմակովին հաջողվի «Ուրարտուի» հետ խաղում դարպասն առնվազն 62 րոպե անառիկ պահել, ապա կգերազանցի ակումբի նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանի ռեկորդային ցուցանիշը։ Ղազարյանը 580 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: Ի դեպ, Երմակովն առաջնության վերջին 5 խաղերում գոլ բաց չի թողել։

 Հանդիպմանը կարող են ներկա գտնվել երկրպագուները։ Խաղը կցուցադրվի ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով։