Ուրբաթ, 02 Ապրիլի 2021 15:55

Comeback-ի ակնկալիքով․ «Արարատ»-«Վեստ Արմենիա»

Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարից հետո ակումբային ֆուտբոլը կրկին մտնում է իր հունի մեջ։  Այս հանգստյան օրերին կկայանան VBET Հայաստանի Գավաթի խաղարկություն քառորդ եզրափակչի պատասխան խաղերը։

«Արարատը» ապրիլի 3-ին կհյուրընկալի «Վեստ Արմենիային»։ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18։00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է Առաջին խումբը ներկայացնող թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

«Արարատը» ներքին առաջնությունում վստահ է հանդես գալիս ու միանձնյա գլխավորում է մրցաշային աղյուսակը, իսկ ահա գավաթային պայքարում խնդիրների է բախվել։ Առաջին խաղում պարտվելով «Վեստ Արմենիային»՝ երևանյան թիմը «Հանրապետական» մարզադաշտ է դուրս գալու չեզոքացնելու երկու գնդակի տարբերությունը։

Այս մրցաշրջանում «Արարատը» սեփական հարկի տակ պարտություն չի կրել, իսկ ահա մրցակիցը ընթացիկ մրցաշրջանում պարտվել է երեք անգամ, որոնցից երկուսը եղել է հյուրընկալվելիս։

Հատկանշական է նաև, որ VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 2020/21 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Մորի Կոնեն է՝ խփած չորս գոլով։

«Վեստ Արմենիան» գլխավորում է Հայաստանի Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը՝ միանձնյա առաջատար լինելով 37 միավորով։ Այս թիմը գավաթի խաղարկությունում դեռևս պարտություն չի կրել՝ 1/8 եզրափակչում էլ հաղթահարել է «Գանձասար-Կապանի» արգելքը։

«Արարատ»-«Վեստ Արմենիա» հանդիպմանը կարող են ներկա գտնվել երկրպագուները։ Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով, ինչպես նաև ATV հեռուստաալիքի ուղիղ եթերով։