Շաբաթ, 20 Փետրվարի 2021 15:46

«Արարատը» տարին սկսում է «Ուրարտուի» դեմ խաղով

Երկարատև դադարից հետո վերսկսվում է VBET Հայասանի Պրեմիեր լիգան։ Փետրվարի 21-ին «Արարատը» 6-րդ տուրից հետաձգված խաղում Չարենցավանում կընդունի «Ուրարտուին»։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

2020/21 մրցշրջանում այս թիմերը պաշտոնական խաղերում կհանդիպեն առաջին անգամ։ Իհարկե, ստուգողական մրցավեճերում «Արարատն» ու «Ուրարտուն» մրցել են միմյանց հետ։ Մեկ անգամ հաղթել է «Արարատը»՝ 2։1, մեկ անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի՝ 1։1։ Այս թիմերի միջև վերջին երեք պաշտոնական խաղերում շատ գոլեր չեն գրանցվել, իսկ վիճակագրությունը հավասար է՝ մեկ հաղթանակ «Արարատի» օգտին (1:0), մեկ հաղթանակ՝ «Ուրարտուի» (1:0), ևս մեկ խաղ ավարտվելէ  ոչ-ոքի (1:1): 

ԻՆՉՊԻՍԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ԹԻՄԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԽԱՂԻՆ

Թիմերը բավականին լավ մարզական հավաքներ են անցկացրել ձմեռային դադարի ընթացքում։ «Արարատը» մեկնել էր ԱՄԷ, որտեղ հաղթեց իր բոլոր ստուգողական խաղերում՝ ընդհանուր առմամբ խփելով 19 և բաց թողնելով 2 գոլ։

Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն էլ մնաց Հայաստանում և տեղի թիմերի հետ մրցավեճերով պատրաստվեց առաջնության վերսկսմանը։ Ի դեպ, այստեղ «Ուրարտուն» մի քանի տպավորիչ հանդիպում անցկացրեց։ Հատկապես հիշատակման է արժանի «Ալաշկերտի» նկատմամբ հաղթանակը՝ 6։0։

Թե «Արարատը», թե «Ուրարտուն» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում բավականին ակտիվ էին։ Երկու թիմերն էլ ուժեղացրել են իրենց կազմը՝ առաջնության ամենակարևոր հատվածում ավելի վճռական պայքար մղելու համար։ «Արարատի» կազմը համալրել են Արթուր Դանիելյանը, Դիմիտրիյե Պոբուլիչը, Մաքսիմ Զադերական և Գրիգոր Մելիքսեթյանը։

«Ուրարտուի» կազմում էլ իրենց ելույթները կշարունակեն Սալոմոն Նիրիսարիկեն, Վադիմ Պարամոնովը, Եվգենի Բուդնիկը, Պյոտր Տենը և Իգոր Պադերինը։ 

ԴԻՐՔԸ՝ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ

«Արարատը» ձմեռային ընդմիջման էր գնացել՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը 18 միավորով, իսկ ահա «Ուրարտուն» 15 միավորով 6-րդն էր՝ մեկ հանդիպում պակաս անցկացնելով։ Ակնհայտ է, որ այս խաղը մի քանի հանգամնքներով շատ կարևոր է երկու թիմերի համար։

Թե՛ «Արարատը», թե՛ «Ուրարտուն» այս մրցաշրջանում պայքարում են ամենաբարձր տեղերի համար։ Վարդան Բիչախչյանի թիմին վաղվա խաղում հաղթանակը հնարավորություն կտա առաջ պոկվել մրցակիցներից, իսկ ահա «Ուրարտուն» հաղթանակի դեպքում էլ ավելի խառնաշփոթ կստեղծի մրցաշարային աղյուսակում։

Հանդիպումը ֆուտբոլասերները կարող են դիտել ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով։ Երկրպագուների մուտքը խաղադաշտ կթույլատրվի միայն մարտի մեկից՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից սկսած։

«Արարատ»-«Ուրարտու» հանդիպումը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը։