Ծանր ընթացք ունեցած մրցաշրջանը Երևանի «Արարատի» համար ավարտվեց դրական նոտայով․ թիմին հաջողվեց խուսափել վերջին հորիզոնականից և մարզական չափանիշների հիման վրա պահպանել տեղը Բարձրագույն խմբում։
ՆՈՐ ԷՆԵՐԳԻԱ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՑ
Աշնանային հատվածից հետո, երբ թիմն անցկացրել էր մի շարք լավ հանդիպումներ, սակայն տարբեր պատճառներով չէր կարողացել միավորներ վաստակել, ակնհայտ էր, որ նոր շունչ է անհրաժեշտ։ Այդ շունչը հաղորդեց հունվարին նշանակված պորտուգալացի մասնագետ Ռիկարդո Դիոնիսիոն։ Ընդամենը վեց շաբաթ ունենալով առաջնության երկրորդ հատվածին պատրաստվելու համար՝ պորտուգալացին նոր տեսքով ներկայացրեց թիմը։

10 ՄԻԱՎՈՐ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Սկզբում եղան դժվարություններ։ Անմիջական մրցակիցներից մեկից՝ «Գանձասարից», կրած երկու պարտություններն էլ հեռացրին թիմին վերջին տեղից խուսափելու նպատակից։ Սակայն հետագայում «Արարատին» հաջողվեց կարգավորել խաղը և իր միավորների քանակը ավելացնել տասով և խուսափել վերջին հորիզոնականից։
Չարենցավանում «Վանի», իսկ Գյումրիում՝ «Շիրակի» նկատմամբ տարած հաղթանակները համալրեցին թիմի միավորների պաշարը, իսկ գարնանային հատվածի զարդը դարձավ «Փյունիկի» նկատմամբ գեղեցիկ հաղթանակը։ Կալիֆալա Դումբիայի գոլը ավելացված ժամանակում իսկական գլուխգործոց էր։

Վերջին տուրում թիմին մեկ միավոր էր անհրաժեշտ վերջին տեղից խուսափելու համար, ինչն էլ «Արարատը» ապահովեց ԲԿՄԱ-ի դեմ խաղում։
ԳԵՐԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴՈՒՄԲԻԱՆ
Սակայն այդ գոլը միակը չէր Դումբիայի համար։ Մալիացի 21-ամյա հարձակվող Կալիֆալա Մամադու Դումբիան գարնանային հատվածում դարձավ 9 գոլի հեղինակ և ընդհանուր առմամբ 10 գոլով զբաղեցրեց առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակի չորրորդ հորիզոնականը։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«Արարատը» առաջնության վերջին խաղից հետո գնաց հանգստի։ Ֆուտբոլիստները մոտակա ամիսը կանցկացնեն իրենց հարազատների շրջապատում և թարմ ուժերով կներկայանան հաջորդ մրցաշրջանին։
Մինչև օգոստոս դեռ ժամանակ կա փոփոխություններ կատարելու, թիմը համալրելու և նոր, ավելի մրցունակ տեսքով հաջորդ առաջնությանը ներկայանալու համար։











