Շաբաթ, 29 Ապրիլի 2023 21:22

Դուշան Միհիչ․ «Ցանկանում եմ լավ խաղով պատասխանել իմ նկատմամբ լավ վերաբերմունքին»

Երևանի «Արարատի» սերբ պաշտպան Դուշան Միհիչը հարցազրույց է տվել սերբական Дневник օրաթերթին, որը թարգմանաբար ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

Դուշան Միհիչը, որը հանդես էր գալիս սերբական «Մլատոստ» և «Նովի Սադ» ակումբներում, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել է Երևանի «Արարատ», որտեղ միանգամից իր վրա է գրավել ֆուտբոլասերների ուշադրությունը։

Եվ դրա համար կային պատճառներ, քանի որ նա շատ ուժեղ էր ոչ միայն որպես ըմբշամարտիկ, այլ նաև որպես Բուկովացի ֆուտբոլային դպրոցի սան (ծնթ․ - Դուշան Միհիչը մինչև 18 տարեկանը զուգահեռաբար զբաղվել է ֆուտբոլով ու ըմբշամարտով և երեք անգամ դարձել Սերբիայի ըմբշամարտի չեմպիոն)։

- Ես հեռացա «Նովի Սադից» և եկա «Արարատ»՝ Հայաստանի ամենամեծ ակումբներից մեկը,- սկսում է պատմել Միհիչը։ - Վերջին շրջանում «Արարատը» մասնակցում է եվրագավաթներին, ակումբը շատ կայուն ու կազմակերպված է և ունի բավական բարձր մակարդակ։ Ձմռանը ակումբում փոփոխություններ տեղի ունեցան և ակումբի ղեկավարները մեծ պլաններ ունեն առաջիկա մրցաշրջանի հետ կապված։ Իհարկե, նրանք ցանկանում են ուժեղացնել թիմը և բարելավել ակումբի կազմակերպվածությունը բոլոր ուղղություններով, չնայած, որ հիմա էլ ամեն ինչ հիանալի է։

«Արարատն» ունի իր սեփական մարզաբազան, որտեղ բնակվում են ֆուտբոլիստները, այստեղ կան բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտեր։

- Ես շատ արագ հարմարվեցի, քանի որ ինձ այստեղ շատ լավ ընդունեցին։ Ցանկանում եմ խաղադաշտում լավ խաղով պատասխանել իմ նկատմամբ լավ վերաբերմունքին և արդեն իմ նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձա։ Հետո ևս մեկ գոլ խփեցի։ Կարող եմ պարծենալ, որ թիմի ավագի հետ միասին միակ ֆուտբոլիստն եմ, որը վերջին ութ խաղերում եղել է թիմի մեկնարկային կազմում (ծնթ․ - հարցազրույցն անցկացվել է 19-ին)։

Չորս տուրից հետո մարզչական փոփոխություն եղավ, բայց Դուշանը շարունակում է մնալ լավագույնների թվում․

- Իմ նպատակն է լավ խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը և օգնել թիմին վեր բարձրանալ մրցաշարային աղյուսակում։ Իհարկե, մեր ամբիցիաների մասին այդ ժամանակ կկարողանանք խոսել։ Հիմա յոթերորդ տեղում ենք, շատ նոր խաղացողներ են եկել, բայց մենք հավատում ենք, որ շատ ավելի բարձր տեղ կարող ենք զբաղեցնել։ Վերջին խաղերում երկու հաղթանակ տարանք և մեկ ոչ-ոքի արեցինք, ինչը մեզ  լավատեսություն է հաղորդում։

Ի դեպ Դուշանը տարբեր դիրքերում է խաղացել երևանյան թիմում:

- Ես սկսեցի որպես աջ կենտրոնական պաշտպան՝ երեք պաշտպանով համակարգում, իսկ հետո սկսեցի խաղալ աջ պաշտպանի դիրքում՝ պահելով պաշտպանության ողջ աջ եզրը,- ամփոփում է Դուշան Միհիչը։