Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2020 23:04

Արկադի Անդրեասյանի փառահեղ ֆուտբոլային ճանապարհը

Դեկտեմբերի 22-ին ստացված բոթը Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ տխրեցրեց հայկական ֆուտբոլի համար ցավացող բոլոր երկրպագուներին։

Արկադի Անդրեասյանն իրավամբ համարվում է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկը։ Վառ անհատականություն, որն խաղադաշտում աչքի էր ընկնում ստեղծագործ և ակտիվ խաղով։

«Արկադի Անդրեասյանը յուրահատուկ և ինքնատիպ ֆուտբոլիստ է։ Նա առանձնակի տաղանդ ունի, կարող է խաղալ որպես հարձակվող և որպես կիսապաշտպան։ Նա իր ստեղծագործական ներդրմամբ շատ մեծ օգուտ բերեց թիմին»,- «Արարատ-73»-ի Ոսկե դուբլից հետո այսպես էր նրան բնութագրել թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։

Ֆուտբոլում՝ մանուկ հասակից

Արկադի Անդրեասյանը ֆուտբոլային ընտանիքից էր և նրա մանկությունն անցել է գնդակի հետ միասին։ Նրա հորեղբայր Հայկ Անդրեասյանը խաղացել է Մոսկվայի «Լոկոմոտիվում», իսկ հետո մարզչական գործունեություն է ծավալել Հայաստանում, իսկ հայրը՝ Գևորգ Անդրեասյանն ընդգրկված էր Բաքվի «Լոկոմոտիվում»։

Առաջին ֆուտբոլային քայլերը Արկադի Անդրեասյանը կատարել է Բաքվի «Նեֆթիչիի» պատանեկան թիմերում, սակայն 16 տարեկանում տեղափոխվել է Կապանի «Լեռնագործ», որի մարզիչն էր Հայկ Անդրեասյանը։ Ապա Անդրեասյանը տեղափոխվում է «Շիրակ»՝ իր հետ տանելով նաև մեծ հեռանկար ունեցող զարմիկին։

«Արարատում»՝ երկրորդ փորձից

Այստեղ կատարած հսկայածավալ աշխատանքից հետո նա 1966 թվականին հնարավորություն է ստանում տեղափոխվելու հանրապետության գլխավոր թիմ՝ «Արարատ», սակայն այդ ժամանակվա մարզիչ Արտյոմ Ֆալյանը նրան ֆիզիկապես թույլ է համարում և թիմում ամպրանդվել նրան չի հաջողվում։

Նման ձախողումը կարող էր կոտրել ցանկացած երիտասարդ ֆուտբոլիստի, սակայն Արկադի Անդրեասյանն իր մեջ ուժ է գտնում և սկսում է լավ ելույթներ ունենալ Հոկտեմբերյանի «Սևան» թիմի կազմում։

«Արարատի» հաջորդ մարզիչ Ալեքսանդր Պոնոմորյովը վստահում է Անդրեասյանին և նա դառնում է թիմի գլխավոր դերակատարներից մեկը։ 

Ստեղծագործ և յուրահատուկ

«Արարատի» մարզաշապիկով Արկադի Անդրեասյանը խաղադաշտ է դուրս եկել 242 անգամ և դարձել է 61 գոլի հեղինակ։ Մրցաշրջան-73-ում նա թիմի գլխավոր աստղերից էր և 13 գոլով դարձավ «Արարատի» լավագույն ռմբարկուն։ «Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթի հարցման արդյունքներով ճանաչվեց երկրի 2-րդ լավագույն ֆուտբոլիստն Օլեգ Բլոխինից հետո»։

Արկադի Անդրեասյանի գոլը՝ «Բավարիայի» դարպասը Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում։

1972 թվականին Անդրեասյանը մասնակցեց Մյունխենի Օլիմպիական խաղերին և ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձավ Օլիմպիական բրոնզե մեդալակիր։

Նա նաև ամպրապնդվեց ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ անցկացնելով 12 խաղ և դառնալով 1 գոլի հեղինակ։ Նա այդ թիմի կազմով կարող էր մասնակցել նաև 1974-ի Աշխարհի առաջնությանը, սակայն Չիլիի հետ անցումային պատասխան խաղը չկայացավ քաղաքական պատճառներով և սովետական հավաքականը դուրս մնաց Մունդիալից։

Արկադի Անդրեասյանի գոլային փոխանցոմը Օլեգ Բլոխինին՝ ԽՍՀՄ – Ֆրանսիա Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Անդրեասյանը շարունակեց մնալ ֆուտբոլում որպես մարզիչ և ղեկավար աշխատելով նաև հարազատ «Արարատի» կազմում։

«Արարատը» միշտ էլ յուրահատուկ տեղ է ունենալու հայ ժողովրդի համար, մինչ օրս իրար պատմում ու ոգեւորվում են մեր հաղթանակներով: Իհարկե, հպարտ եմ, որ այդ թիմի մի մասն եմ եղել ու այդքան երջանկություն պարգեւել մեր ժողովրդին»,- իրենց նվաճումից 40 տարի անց խոստովանել էր Ադրեասյանը:

«Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս»,- Հենրիխ Մխիթարյան։

«Առհասարակ, Անդրեասյանի կերպարն ինձ վաղուց է հետաքրքրում: Այդքան հակասական խոսքեր ոչ մի այլ ֆուտբոլիստի մասին չեմ լսել: Ասում են, որ նա շուտ է վիրավորվում, որ բարդ բնավորություն ունի, բայց, միաժամանակ, նույն մարդիկ խոստովանում են, որ քչերն են այնպես լուրջ վերաբերվում իրենց գործին, ինչպես Արկադին: «Որպեսզի նա երբեւէ խախտի ռեժի՞մը: Խմի կամ ծխի՞,- ասաց ինձ մի մարզական լրագրող: - Ի՞նչ եք ասում: Դրա համար նա չափազանց շատ է հարգում իր անձը»,- լրագրող Արսեն Կակոսյանի “Գիշերը՝ ֆուտբոլից հետո։ Երկրպագուի օրագիրը” գրքից։