Հինգշաբթի, 28 Ապրիլի 2022 16:21

Հաղթանակ՝ «Ուրարտուի» նկատմամբ

Ապրիլի 28-ին «Արարատն» ընդհատեց առանց հաղթանակների հանդիպումների շարքը՝ մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ տանելով «Ուրարտուի» նկատմամբ:

Այս խաղում «Արարատին» չէին կարող օգնել վնասվածք ունեցող Ռոբերտ Դարբինյանն ու որակազրկված Խուան Բրավոն: «Արարատի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ընտրել էր 5-3-2 սխեման, ինչը նշանակում էր, որ թիմը պետք է համբերատար դիմակայեր մրցակցի գնդակով խաղին և փնտրեր իր հնարավորությունները հակագրոհների ժամանակ:

Թվային առավելությունը չփոխեց պլանները
Խաղի արդեն 8-րդ րոպեին Ռուդիկ Մկրտչյանի նկատմամբ կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց «Ուրարտուի» եզրային պաշտպան Էդգար Գրիգորյանը: Ստանալով քանակական առավելություն՝ «Արարատը» չշտապեց փոփոխություններ կատարել խաղում և խաղաց այն մարտավարությամբ, ինչն ի սկզբանե նախատեսված էր:

Էդգար Մալաքյանի 6-րդ գոլը
Առաջին կեսում լարված պայքար էր խաղադաշտում և սակավաթիվ էին գոլային հնարավորությունները: Միայն խաղակեսի ավարտին «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն հաշիվը բացելու հնարավորություն ուներ, սակայն վստահ գործեց «Արարատի» դարապասապահ Վսեվոլոդ Երմակովը:

Խաղի հաշիվը բացվեց 41-րդ րոպիեն, երբ եզրից ստանալով Ալիկ Առաքելյանի հաշվենկատ փոխանցումը՝ Էդգար Մալաքյանը վարպետորեն խոցեց մրցակցի դարպասը: Սա Մալաքյանի 6-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։

Չեն խփում քեզ, խփում ես դու
Երկրորդ խաղակեսում «Արարատի» ֆուտբոլիստները ունեին հաշիվը կրկնպատկելու հնարավորություններ, սակայն նպաստավոր դիրքերից Ալիյու Իսահին և Էդգար Մալաքյանին չհաջողվեց կրկնապատկել առավելությունը:

Իսկ հանդիպման 62-րդ րոպեին թիմերի ֆուտբոլիստների քանակները հավասարվեցին, քանի որ երկրորդ դեղին քարտի հետևանքով դաշտից հեռացվեց «Արարատի» պաշտպան Հովհաննես Նազարյանը: Շատ չանցած «Արարատի» դարպասին 11 մետրանոց նշանակվեց, որը դիպուկ իրացրեց Արթուր Միրանյանը:
՛
Իսկ ահա 76-րդ րոպեին «չես խփում դու, խփում են քեզ» ֆուտբոլային չգրված օրենքն աշխատեց «Արարատի» օգտին: «Արարատի» պաշտպան Մարկո Պրլյևիչի անզգույշ հետ փոխանցումից հետո դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս եկավ Արթուր Միրանյանը, սակայն Վսեվոլոդ Երմակովին հաջողեց փրկել «Արարատին» և սկսել հյուրերի գոլային գրոհը:

Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Ռազմիկ Հակոբյան, Դավիթ Մանոյան... այպիսին ստացվեց հաղթական գոլի կոմբինացիան։ Ռազմիկ Հակոբյանի կրկնկով էլեգանտ փոխանցումից հետո Մանոյանը փայլուն հեռահար կրակոցով առաջ մղեց «Արարատին»: Ի դեպ Ռազմիկ Հակոբյանն այդ օրն անցկացնում էր Բարձրագույն խմբում իր 100-րդ, իսկ Դավիթ Մանոյանը Հայաստանի հավաքականներում և ակումբներում իր 300-րդ պաշտոնական խաղը:

Մնացած ժամանակահատվածում, «Արարատը» կարողացավ լավ պաշտպանվել և հաղթական ավարտի հասցնել հանդիպումը: Այսպիսով, «Արարատը» պահպանեց երրորդ հորիզոնականը և շարունակում է պայքարը մրցանակային եռյակում տեղ զբաղեցնելու համար:

28.04.2022, Երևան, «Ուրարտու» մարզադաշտ
«Ուրարտու» - «Արարատ» 1։2 (0:1)
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Արթուր Միրանյան, 72, 11մ («Ուրարտու»), Էդգար Մալաքյան, 41, Դավիթ Մանոյան, 76 («Արարատ»)

«Ուրարտու» - Արսեն Բեգլարյան, Նանա Անտվի (Կարեն Մելքոնյան 83), Պետեր Տեն, Վադիմ Պարամոնով, Արման Ղազարյան (Հակոբ Հակոբյան 73), Էդգար Գրիգորյան, Նարեկ Աղասարյան (Օլեգ Պոլիակով 83), Ուգոչուկվու Իվու, Սերգեյ Մկրտչյան, Արթուր Միրանյան, Ջոնել Դեսիրե:

«Արարատ» - Վսեվոլոդ Երմակով, Հրայր Մկոյան, Մարկո Պրլյևիչ, Հովհաննես Նազարյան, Դիմիտրի Լեգբո, Ռուդիկ Մկրտչյան (Դավիթ Մանոյան 46), Գոռ Մալաքյան (90+3), Իվան Դիաս (Ռազմիկ Հակոբյան 65), Ալիկ Առաքելյան (Ռոբերտ Հակոբյան 81), Ալիյու Իսահ, Էդգար Մալաքյան:

Հեռացումներ՝ Էդգար Գրիգորյան 8 - Հովհաննես Նազարյան 63