Չորեքշաբթի, 24 Նոյեմբերի 2021 20:57

Գավաթը պահպանելու առաքելությամբ․ «Արարատ»-«Նոա»

«Արարատը» սկսում է տիտղոսի պաշտպանությունը։ VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունում «Արարատը» պայքարը սկսում է քառորդ եզրափակչից։ Մրցակիցը «Նոան» է, որը գավաթակիր էր դարձել 2019/20 մրցաշրջանում։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ 

 «Արարատի» և «Նոայի» գավաթային միակ մրցավեճը տեղի է ունեցել 2019/20 մրցաշրջանում։ 2019 թվականի նոյեմբերի 3-ին կայացած խաղն ավարտվել էր 1։0 հաշվով՝ Մաքսիմ Մայրովիչի միակ գոլի շնորհիվ։

Այս մրցաշրջանում թիմերը միմյանց հետ կխաղան արդեն երրորդ անգամ։ Նախորդ երկու խաղերը շատ գոլառատ են ստացվել։ Նախ, օգոստոսի 2-ին «Արարատը» 7։1 հաշվով հաղթեց, իսկ հոկտեմբերի 22-ին կայացած խաղն ավարտվեց 2։2 հաշվով։


Վերջին երկու տարիների գավաթակիրների պայքարը խոստանում է թեժ լինել։ Ընդամենը մեկ հաղթանակ և թիմերից մեկը կհայտնվի կիսաեզրափակչում, որտեղ արդեն իրենց տեղն ապահովել են «Ուրարտուն», «Վանը» և «Նորավանքը»։

«Արարատը» Հաաստանի գավաթակիր դարձել է վեց անգամ՝ զիջելով միայն «Փյունիկին» (Երևանյան թիմը 8 անգամ է դարձել գավաթակիր)։ «Նոան» Գավաթի խաղարկությունում մեկնարկում է 5-րդ անգամ։ Նախորդ խաղարկությունում թիմը հասել էր մինչև կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի ընդհանուր արդյունքով (1-1, 1-3) զիջել էր «Ալաշկերտին»: 

«Արարատ»-«Նոա» հանդիպոմը կմեկնարկի ժամը 18։00-ին, հանդիպումը կցուցադրվի VMEDIA հեռուստաալիքով և ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով։