Չորեքշաբթի, 17 Նոյեմբերի 2021 19:02

«Նորավանք»-«Արարատ» խաղից առաջ

Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ավարտվեց։ Թիմերը վերսկսում են պայքարը ներքին առաջնությունում։

14-րդ տուրում «Արարատը» մեկնում է Չարենցավան՝ մրցելու «Նորավանքի» հետ։

Թիմերի միջև այս առաջնության առաջին խաղը կայացել էր Գյումրիում, որտեղ Վարդան Բիչախչյանի թիմը հաղթեց գոլառատ պայքարում 3։2 հաշվով։ Այդ խաղում մեր թիմից աչքի ընկան Ալիկ Առաքելյանը և Սերժ Դեբլեն, վերջինս դուբլ ձևակերպեց։

«Նորավանքը» վերջին խաղերում բավականին անհաջող է հանդես գալիս։ Թիմը վերջին 5 խաղերում 5 պարտություն է կրել ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը 8 միավորով։ «Արարատի» դեմ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի «Նորավանքի» կիսապաշտպան Էբերտ Կարդոսո դա Սիլվան։

«Արարատը» լավ ընթացքի մեջ է ու վերջին 13-րդ տուրում «Սևանի» նկատմամաբ 3։1 հաշվով հաղթանակն էլ խոսում է այն մասին, որ թիմը կամաց-կամաց սկսում է լավ մարզավիճակ հավաքել։

ՆԱԽԿԻՆ «ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐԸ»

Հայաստանի առաջնությունում հանդես եկող թիմերում կան շատ ֆուտբոլիստներ, որոնք նախկինում պաշտպանել են «Արարատի» գույները, բացառություն չէ նաև «Նորավանքը»։ Այս թիմում են խաղում Անդրանիկ Քոչարյանը և Դավիթ Մինասյանը։ Քոչարյանն «Արարատի» կազմում անցկացրած 68 խաղում 14 գոլ է խփել։ Մինասյանը 36 խաղ է անցկացրել ու 5 անգամ է դարձել գոլի հեղինակ։

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԽԱՂ ԷԴԳԱՐ ՄԱԼԱՔՅԱՆԻ ՀԱՄԱՐ

«Նորավանքի» հետ խաղը հոբելյանական կարող է լինել Էդգար Մալաքյանի համար։ Հանդիպմանը մասնակցելու դեպքում հայ կիսապաշտպանը կանցկացնի իր 200-րդ խաղը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններում։

«Նորավանք»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի մրցավար Վարդան Մանուկյանը։ ՀՖՖ պատվիրակն է Վահագն Հարությունյանը։

Հանդիպումը կցուցադրվի VMEDIA հեռուստաալիքով և ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով։