Ուրբաթ, 29 Հոկտեմբերի 2021 20:24

«Ուրարտու»-«Արարատ»․ Հանդիպումից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի  12-րդ տուրում «Արարատը» մրցակից հարկի տակ ուժերն է չափելու «Ուրարտուի» հետ։

Սա թիմերի միջև այս մրցաշրջանի երկրորդ հանիպումն է։ Առաջին խաղը կայացել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվել է Վարդան Բիչախչյանի թիմի հաղթանակով՝ 2:0։ Գոլով աչքի էին ընկել Յակուբա Սիլուեն և Իգոր Ստանոևիչը։

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ

Մրցաշրջանի երկրորդ խաղին թիմերը մոտենում են մրցաշարային աղյուսակում տարբեր դիրքերում։ «Արարատը»  22 միավորով երկրորդ հորիզոնականում է, իսկ «ՈՒրարտուն» տեղ է զբաղեցրել մրցաշարային աղյուսակի միջնամասում՝ 6-րդ հորիզոնականում՝ վաստակած 14 միավորով։

ԴԵԲԼԵԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

«Արարատը» նախորդ տուրում կարողացավ ընդհատել անհաջող խաղերի շարքը՝ նվազագույն հաշվով հաղթանակ տանելով «Վանի» նկատմամբ․ միակ գոլը խփեց Սերժ Դեբլեն։ Իվուարցին վերադարձել է որակազրկումից և աստիճանաբար սկսում է մարզավիճակ հավաքել։ Նրա ներկայությունը վստահություն է հաղորդել նաև «Արարատի» խաղին առջևի գծում։ Դեբլեն այս մրցաշրջանում արդեն 8 գոլ է հեղինակել և առաջիկա խաղում նրա դերակատարությունը նույնպես շատ մեծ է լինելու։ Ի դեպ, ռմբարկուն ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ լեգեոներների շարքում  12-րդ տեղն է զբաղեցնում՝ խփած 23 գոլով։

ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄՆԵՐ

«Արարատի» հետ դիմակայությունը բաց կթողնի «Ուրարտուի» պաշտպան Լիվիո Միլթսը, վերջինս կարմիր քարտ էր ստացել նախորդ տուրում «Սևանի» հետ մրցավեճում։

«ՈՒրարտու»-«Արարատ» հանդիպումը կցուցադրվի ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով։