Կիրակի, 26 Սեպտեմբերի 2021 21:58

«Փյունիկի» հետ առաջին հանդիպումն այս մրցաշրջանում․ 8-րդ տուրին ընդառաջ

Հայացք առաջիկա խաղին

Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 27-ին, 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Այս խաղի ժամի և տեղի հետ կապված մի քանի փոփոխություն տեղի ունեցավ մինչև վերջնական նշանակումը։ Ի սկզբանե խաղը նշանակվել էր սեպտեմբերի 30-ին, սակայն այդ օրը Հանրապետական մարզադաշտում եվրագավաթային խաղ ունի նաև «Ալաշկերտը»։ Մրցավայրը փոխել չցանկանալով՝ «Արարատը» խնդրեց խաղը տեղափոխել մեկ օր ուշ՝ հոկտեմբերի 1-ին։ Սակայն մի քանի օր առաջ ՀՖՖ-ից տեղեկացրին, որ մարզադաշտը պատրաստ չի լինի այդ օրը և առաջարկվեց սեպտեմբերի 27-ի տարբերակը։  

Ի վերջո հաստատվեց հենց այդ օրը, Սուպերգավաթային հանդիպումից ընդամենը երեք օր անց։ Հիշեցնենք, որ «Արարատը» տանուլ տվեց «Ալաշկերտի» հետ այդ խաղը։ Իսկ «Փյունիկն» ընդամենը չորս օր առաջ է խաղացել՝ 0-0 հաշվով ավարտելով «Սևանի» հետ տնային մրցավեճը։ 

«Արարատը» երեք հաղթանակ է տարել առաջնության նախորդ երեք խաղերում, իսկ «Փյունիկը» չի պարտվել նախորդ չորս հանդիպումներում՝ երկուական խաղ ավարտելով հաղթանակով և ոչ-ոքիով։

Սա այս թիմերի 84-րդ դիմակայությունն է առաջնության շրջանակներում։ «Արարատն» այդ խաղեից 21-ում է հաղթել, 20 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, 43 անգամ հաղթել է «Փյունիկը»։  Նախորդ առաջնության երեք հանդիպումներից երկուսում հաղթել է «Արարատը», մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի։

Նախորդ հանդիպումը

Առաջինը հաջողության հասան «Փյունիկի» ֆուտբոլիստները, սակայն Գոնչարի ինքնագոլի և Ուրոշ Նենադովիչի գոլի շնորհիվ «Արարատին» հաջողվեց կամային հաղթանակ տանել։

Տեղն աղյուսակում և ռմբարկուները

«Արարատը» 7 տուրում 6 հաղթանակ է տարել և 18 միավորով երկրորդ տեղում է։ «Արարատի» ռմբարկուն է Սերժ Դեբլեն, որի հաշվին 7 գոլ կա։ Սակայն իվուարցի ֆուտբոլիստը որակազրկված է մինչև հոկտեմբերի 17-ը և դեռևս չի կարող օգնել թիմերին։ Իսկ այն ֆուտբոլիստներից, որոնք կարող են խաղադաշտ դուրս գալ, ամենաշատ գոլը խփել է Յակուբա Սիլուեն՝ վեց գոլ։  «Փյունիկը» 7 խաղում 11 միավոր է վաստակել և գտնվում է 4-րդ տեղում։ «Փյունիկի» երեք ֆուտբոլիստներ են այս պահին կիսում թիմի լավագույն ռմբարկուի «կոչումը»։ Հովհաննես Հարությունյանը, Խոսե Կարաբալյոն և Էրիկ Վարդանյանը երկուական անգամ են գրավել մրցակիցների դարպասները։

Ալիկ Առաքելյանն առաջին անգամ կխաղա իր նախկին թիմի դեմ

Պաշտոնյաներ և հեռարձակում

Հանդիպման մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը, պատվիրակն է Մհեր Խուդավերդյանը։ Խաղն, ինչպես միշտ, ցուցադրվելու է ՀՖՖ յութուբյան ալիքով և արդեն նաև Vmedia հեռուստաալիքով։