Կիրակի, 12 Սեպտեմբերի 2021 11:23

Վարդան Բիչախչյան. «Ագրեսիան, աշխատանքն ու արագությունը բավարար մակարդակի վրա էին»

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հետևյալ կարծիքն է հայտնել Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ հանդիպումից հետո (3:2):

- Բավական դժվար հանդիպում ստացվեց: Հաշվի առնելով բավական երկար միջազգային դադարը, մտավախություն կար, որ կարող էր թիմի մոտ խաղային ռիթմի կորուստ նկատվել: Բայց խաղը լավ սկսեցինք, տղաները կատարեցին առաջադրանքը: Ճիշտ է, առաջինը մենք գոլ բաց թողեցինք, բայց տղաները կարողացան իրենց մեջ ուժ գտնել և խաղալ: Ամենակարևորն այն է, որ խաղային կարգապահությունը չխախտեցինք և շտապողականություն չդրսևորեցինք: Շատ կարևոր էր, որ արագորեն հավասարեցրինք հաշիվը: Հետո լավ կոմբինացիայի արդյունքում կարողացանք առաջին կեսի վերջնամասում հաշվի մեջ առաջ անցնել: Ունեինք ևս մեկ պահ, երբ «Ալաշկերտին» օգնության հասավ դարպասաձողը:

Միակ խնդիրը մեր երկրորդ խաղակեսի սկիզբն էր: Կարծում եմ, նորից մեզ հաշիվը խանգարեց: Նման մոտեցումը բացարձակ անընդունելի է: Երբ հաշվի մեջ հետ ենք լինում, թիմն ավելի լավ է արձագանքում, քան երբ հաշվի մեջ առաջ ենք:

«Ալաշկերտը» երկրորդ կեսում ուներ տարածքային առավելություն, բայց վատ չէինք գործում պաշտպանությունում: Ցավոք կարմիր քարտով պատժվեցինք ու «Ալաշկերտի» առավելությունն ավելի մեծ դարձավ: Բայց ճիշտ պահին կարողացանք երրորդ գոլը խփել և գրագետ պաշտպանվել: Ճիշտ է վերջին դրվագում, թիմը մտածում էր, որ խաղն ավարտվել է, և թույլ տվեցինք, որ անցնի փոխանցումն, դրանից էլ եղավ 11 մետրանոցը:

Ամեն դեպքում, կարևոր երեք միավոր վաստակեցինք: Մինչև հաջորդ խաղն ունենք տասն օր ժամանակ: Կպատրաստվենք հաջորդ խաղին:

- Ճիշտ է, թիմը կարմիր քարտ ստացավ, սակայն նկատելի է, որ «Նորավանքի» դեմ խաղի համեմատությամբ թիմը փոխվել է: Հատկապես ո՞ր առումով է թիմի մոտ առաջընթաց գրանցվել:
- Այսօր, ագրեսիան, աշխատանքը և արագությունը թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման ժամանակ, իմ կարծիքով, բավարար մակարդակի վրա էր: Մեր նախորդ խաղերում նաև խնդիր ունեինք գնդակ խլելու հետ կապված: Ավելի շատ պաշտպանությունում իմիտիացիա էինք անում, քան փորձում էինք գնդակ խլել: Այսօր այդ առումով վատ չէր: Բավական փոփոխություն կա: Ամեն դեպքում, փորձում ենք հնարավորինս կայուն ելույթներ ունենալ, նման խաղերում շատ կարևոր է գոլ բաց չթողնելը և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք նաև պաշտպանությունում ապահով խաղով աչքի ընկնել: