Ուրբաթ, 10 Սեպտեմբերի 2021 23:24

Ակումբային ֆուտբոլի վերադարձը․ «Արարատը» 6-րդ տուրում կընդունի «Ալաշկերտին»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան վերադառնում է կարճատև դադարից հետո։ Միջազգային խաղերով պայմանավորված դադարն ավարտվեց ու հայկական ակումբները վերսկսում են պայքարը ներքին առաջնությունում։

«Արարատին» 6-րդ տուրում լուրջ փորձություն է սպասվում։ Մրցակիցը «Ալաշկերտն» է, որի հետ հանդիպումները միշտ բարդ պայքարում են անցել։ Խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մեկնարկը՝ 17։00-ին։

ԴԱԴԱՐԸ ՀԱՐԿԱՎՈՐ ԷՐ «ԱՐԱՐԱՏԻՆ»

«Մեր խաղի որակը գնալով վատանում է ու հավաքականի խաղերով պայմանավորված դադարը մեզ շատ է պետք»,- ահա այսպիսին էր Վարդան Բիչախչյանի հետխաղային մեկնաբանությունը «Նորավանքի» հետ 5-րդ տուրի հանդիպումից հետո։

Իսկապես, «Նորավանքի» հետ իր լավագույն հանդիպումն «Արարատը» չանցկացրեց, սակայն հաղթանակ տարավ ու այս պահին 5 խաղից հետո 12 միավորով երկրորդ տեղում է։ Դադարի ընթացքում էլ թիմը շարունակում էր հագեցած մարզումներ անցկացնել ու լիովին պատրաստ է առաջիկա դիմակայությանը։

ԴԵԲԼԵԻ ԽԱՂԸ ՉՆԿԱՏԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է

«Արարատի» հարձակվողներ Սերժ Դեբլեն ու Յակուբա Սիլուեն առաջնության մեկնարկում վստահ խաղ են ցուցադրում, Դեբլեն նույնիսկ ամսվա լավագույն խաղացողների հավակնորդների ցանկում էր։ Նրանց խաղից շատ բան է կախված, հատկապես փորձառու Դեբլեն լավ մարզավիճակում է (Առաջնության լավագույն ռմբարկուի մրցավաքզում 5 գոլով կիսում է առաջին հորիզոնականը Անդրե Մենսալոյի հետ)  և ցանկացած խաղում նա կարող է վճռորոշ դեր խաղալ։ Այս մասին գիտեն նաև մրցակիցները, և «Ալաշկերտի» պաշտպանները սեպտեմբերի 11-ին բավականին լուրջ ջանքեր պետք է գործադրեն իվուարցուն կանգնեցնելու համար։

«ԱԼԱՇԿԵՐՏՈՒՄ» ԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Ինչ վերաբերում է նախորդ մրցաշրջանի չեմպիոնին, ապա ներքին առաջնությունում նրանք ունեն զգալի խնդիրներ։ 3 խաղից հետո Գրիգորյանի թիմը 1 միավորով նախավերջին տեղում է։ Վիճակագրությունն էլ խոսում է թիմի խնդիրների մասին՝ 3 խաղ, խփած ոչ մի գոլ, բաց թողած 5 գնդակ։

Տարված լինելով եվրոպական մրցասպարեզում ելույթներով, որտեղ «Ալաշակերտը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ, ներքին առաջնությունում նրանք լուրջ խնդիրների են բախվել։ «Արարատի» հետ խաղն էլ մրցաշրջանի ամենաբարդ հանդիպումներից է լինելու ու հաղթանակի համար պետք է լինելու ներդնել բոլոր ջանքերը։

«Արարատ»-«Ալաշակերտ» հանդիպումը սպասարկելու է Հենրիկ Նալբանդյանի մրցավարական անձնակազմը։ Խաղի պատվիրակն է Արսեն Զաքարյանը։ Հանդիպումը ցուցադրվելու է ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր
«Հանրապետական» մարզադաշտ, Երևան
Սեպտեմբերի 11, ժամը 17։00
«Արարատ»-«Ալաշկերտ»