Շաբաթ, 04 Սեպտեմբերի 2021 20:10

Ամփոփում ենք Օդեսայի հավաքը․ «Անցավ ավելի լավ, քան պլանավորել էինք»

«Արարատի» մանկապատանական թիմերն օգոստոսի 27-ից սեպտեմբերի 3-ն ուսումնամարզական հավաք անցկացրին ուկրաինական Օդեսա քաղաքում: Հավաքի արդյունքներն ամփոփել ենք «Արարատի» մանկապատանեկան թիմերի մարզիչ Մաքսիմ Առաքելյանի հետ զրույցում.

֊ Ինչպե՞ս կամփոփեք հավաքը։ Որքա՞ն արդյունավետ այն ստացվեց։ 

- Հավաքն անցավ բարձր մակարդակով։ Նույնիսկ ավելի լավ, քան պլանավորել էինք։ Հավաքի էին մեկնել 2005 և 2007 թվականներին ծնվածների թիմերը։ Վերջիններիս միացել էին նաև 2008 թվականին ծնված երեխաներ։ Նախապես ծրագրած վեց խաղի փոխարեն անցկացրեցինք ութ հանդիպում։ Երեխաները մեծ փորձ ձեռք բերեցին, լավ փորձ էր նաև մեզ՝ մարզիչներիս համար, քանի որ խաղում էինք բոլորովին այլ խաղաոճ ունեցող թիմերի դեմ։

- Ի՞նչ կասեք անցկացված խաղերի մասին։ Որքանո՞վ էին դրանք օգտակար։

- Անցկացրած ութ խաղերից մեկում հաղթել ենք, երեք ոչ-ոքի ենք արել և չորս պարտություն ենք կրել։ Կարծում եմ, առաջին անգամվա համար վատ արդյունք չէր, հաշվի առնելով այն, որ մրցակիցները բավական ուժեղ էին, ուկրաինացի պատանի ֆուտբոլիստներն աչքի էին ընկնում բարձր խաղային ինտելեկտով։ Բացի այդ, այնտեղ ակումբները ֆուտբոլիստների ընտրության անհամեմատ ավելի մեծ հնարավորություն ունեն։

Ամենակարևորն այն է, որ մեր տղաները միջազգային մեծ փորձ կուտակեցին։ Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի գլխավոր խնդիրներից է հենց միջազգային հանդիպումների պակասը, և կարծում եմ՝ տարեկան գոնե երկու նման հավաքների դեպքում ֆուտբոլիստները մեծ առաջընթաց կգրանցեն։

- Որքանո՞վ հավաքը կօգնի թիմին մրցաշրջանին պատրաստվելու առումով։ Ի՞նչ վիճակում են թիմերը։

- Բացի արդեն նշված փորձի կուտակումից շատ կարևոր էր նաև թիմային խաղի և մթնոլորտի բարելավումը։ Կարծում եմ, այս առումով մեծ առաջընթաց կլինի։ Թիմերը լավ վիճակում են, վնասվածքներ չունենք, մի քանի օր հանգստից հետո կանցկացնենք վերջին շաբաթը՝ առաջնության վերսկսվելուց առաջ:

֊ Արդյո՞ք դժվարություններ կային, երեխաներին հետ աշխատանքում, թե՞ պրոֆեսիոնալների նման էին մոտեցել գործին։

Իհարկե, կային փոքրիկ դժվարություններ էքսկուրսիաների, քաղաքում զբոսնելու և ծով գնալու ժամանակ, քանի որ երեխաները շատ հետաքրքրասեր են։ Սակայն հյուրանոցում, խաղերի ժամանակ նրանք շատ հասուն վարքագիծ ունեին, քանի որ անընդհատ ընդգծում էինք, որ չնայած հավաքի ժամանցային բաղադրիչներին, մեր գլխավոր նպատակը մարզումներն ու խաղերն էին և մեր երկրի ու ակումբի անունը բարձր պահելը։ Յոթ օրով էինք գնացել, բայց կարելի է ասել մեկ տարվա փորձ կուտակեցինք։ Պետք է փորձենք հետագայում ավելի լավ մրցաշարերի մասնակցել և ավելի լավ մրցակիցների հետ խաղալ, ինչը շատ կնպաստի պատանի ֆուտոլիստների զարգացմանը։

Հավաքի ընթացքում կայացած ստուգողական խաղերի արդյունքները․

 2007-2008

  • «Նիկոլաև» - «Արարատ» 1-3
  • «Նիկոլաև» - «Արարատ» 2-2
  • «Օդեսա» - «Արարատ» 3-0
  • «Յունիոր» - «Արարատ» 2-2
  • «Պալմիրա» - «Արարատ»4-1

 2005

  • «Պալմիրա» -«Արարատ» 4:3
  • «Նիկոլաև» - «Արարատ» 3:0
  • «Օդեսա» - «Արարատ» 3:3