Երեքշաբթի, 01 Դեկտեմբերի 2020 15:12

Տուրի կենտրոնական հանդիպումը

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ դուրս կգան «Արարատը» և «Արարատ-Արմենիան»։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Մեկնարկը կլինի 14։30-ին։ 

Այս առաջնությունում թիմերը կհանդիպեն առաջին անգամ։ Վերջին անգամ դերբի եղել էր հուլիսի 6-ին, երբ հաղթանակ էր տարել «Արարատ-Արմենիան»՝ Յուսուֆ Օտուբանջոյի միակ գոլի շնորհիվ։ Թիմերը միմյանց հետ պետք է հանդիպեին 5-րդ տուրի շրջանակում, սակայն այդ խաղը հետաձգվել էր։

Երկու թիմերն էլ լավ մարզավիճակում են մոտենում այս խաղին։ Առաջնության վերջին 5 հանդիպումներում նախորդ մրցաշրջանի չեմպիոնը 4 հաղթանակ է տոնել, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի: «Արարատն» էլ առաջնության վերջին 4 հանդիպումներում անպարտելի է՝ տանելով 2 հաղթանակ և խաղալով նույնքան ոչ-ոքի:

«Արարատն» ու «Արարատ-Արմենիան» միմյանց հետ հանդիպել են 8 անգամ։ Չեմպիոնն ունի առավելություն այս դիմակայությունում՝հաղթելով վերջին 7 խաղերում, որոնցից 3-ում առավելության հասնելով խոշոր հաշվով: Միակ հաղթանակն «Արարատը» տարել է 2018 թվականի օգոստոսի 11-ին, երբ թիմերը առաջին անգամ մրցում էին միմյանց հետ։ Այդ խաղում «Արարատը» հաղթել էր 2։1 հաշվով՝ Հրայր Մկոյանի ինքնագոլի շնորհիվ, որն այժմ պաշտպանում է հենց «Արարատի» գույները։

Սա Վարդան Բիչախչյանի և Դավիդ Կամպանյայի առաջին արարատյան դերբին է։ Երկու մարզիչներն էլ այս ամռանն են գլխավորել իրենց թիմերը։

Հանդիպումը կցուցադրվի ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև ՀՖՖ-ի յութուբյան ալիքում։