Երեքշաբթի, 24 Օգոստոսի 2021 16:15

Գոլառատ հաղթանակ «Նորավանքի» նկատմամբ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արարատը» մրցեց «Նորավանքի» հետ։ Հանդիպումը կայացավ Գյումրու Քաղաքային մարզադաշտում։

Մինչ այս խաղը «Արարատը» երեք անընդմեջ հաղթանակ ուներ, սակայն 4-րդ տուրում 0։2 հաշվով պարտություն կրեց «Սևանից»։ «Նորավանքը» 4 խաղում կարողացել էր միայն մեկ հաղթանակ տոնել ու կրել 3 պարտություն։

ԱՐԱԳ ԳՈԼ

Խաղը շատ լավ սկսվեց «Արարատի» համար։ Առաջին վտանգավոր գրոհն արդեն արդյունավետ ստացվեց։ 3-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը եզրից կատարած անցումից հետո ստացավ գնդակը և անհատական անցումից հետո բացեց հանդիպման հաշիվը։

ՎՍՏԱՀ ԽԱՂ՝ ԱՌԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԻ

Խփած գոլից հետո «Արարատը» մի փոքր հետ քաշվեց ու սկսեց ավելի շատ ապավինել հակագրոհների մարտավարությանը։ «Նորավանքն» այլ ելք չուներ, քան նետվեր առաջ՝ փրկելու խաղը։ 

ԴԵԲԼԵԻ ԳԵՂԵՑԻԿ ԳՈԼԸ

«Նորավանքը» մի քանի անգամ փորձեց վտանգավոր գրոհ կազմակերպել Վսևոլոդ Երմակովի դարպասի մոտ, սակայն դրանցից ոչ մեկը հաջողություն չունեցավ։ Փոխարենը, Բիչախչյանի թիմը իր օգտին եզրափակեց արագ հակագրոհներից մեկը։ Գոլի հեղինակ դարձավ Սերժ Դեբլեն։

ՏՀԱՃ ԴՐՎԱԳ ԵՎ ՆՈՐԱՄՈՒՏ

Հանդիպման ամենատհաճ դրվագը 37-րդ րոպեին էր, երբ խաղընկերոջ հետ բախման արդյունքում վնասվածք ստացավ և գլխի վիրակապով խաղաղադաշտը թողեց Դավիթ Մանոյանը։ Նրա փոխարեն հանդիպումը շարունակեց Էրիկ Վարդանյանը, որն իր նորամուտը նշեց «Արարատի» կազմում։

ԿՐԿԻՆ ԱՐԱԳ ԳՈԼ

Երկրորդ խաղակեսը լավ մեկնարկեց «Նորավանքը»։ Վահե Գևորգյանի թիմը ակտիվ գրոհներ սկսեց կազմակերպել ու 52-րդ րոպեին Էբերտը տուգանայինից կատարած հարվածով հաշիվը դարձրեց 2։1։ 

ԴԵԲԼԵԻ ԴՈՒԲԼԸ

Խաղավերջում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Նախ, Իգոր Ստանոևիչի լավ անցումից ու փոխանցումից հետո դուբլ գրանցեց Սերժ Դեբլեն։ Հանդիպման վերջին րոպեին էլ Արման Մկրտչյանը հաշիվը դարձրեց 3։2։

Այսպիսով, «Արարատը» հաղթանակ է տանում նվազագույն առավելությամբ ու վաստակում 12 միավոր։ 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր
Քաղաքային մարզադաշտ, Գյումրի
«Արարատ»-«Նորավանք»՝ 3։2
Գոլերը՝ Ալիկ Առաքելյան՝ 3, Սերժ Դեբլե՝31, 85 - Էբերտ՝ 52, Արման Մկրտչյան՝ 90

«Արարատ» - 45․Վսևոլոդ Երմակով 33․Հովհաննես Նազարյան 5․Հրայր Մկոյան 99․Ռոբերտ Դարբինյան (44․ Խուան Բրավո, 55) 8․Ժիրայր Մարգարյան 11․Դավիթ Մանոյան (6․Էրիկ Վարդանյան, 40) 23․Գոռ Մալաքյան (55․Դիմիտրիյե Պոբուլիչ, 65) 18․Էդգար Մալաքյան 26․Ալիկ Առաքելյան (22․Իգոր Ստանոևիչ, 65) 7․Իսահ Ալիյու (17․Յակուբա Սիլուե, 55) 10․Սերժ Դեբլե։

«Նորավանք» - 35․ Դուշան Չուբրակովիչ 24․Իգոր Զոնյիչ 63․Թեմուր Մուստաֆին 99․Արման Մկրտչյան 10․Կարեն Նալբանդյան (66․ Էրիկ Պետրոսյան, 89) 37․Սերգեյ Օրլով 25․Էբերտ Կարդոսո 4․Միխայիլ Բաշիլով (5․Նորայր Նիկողոսյան, 84) 7․Անդրանիկ Քոչարյան (77․ Դավիթ Մինասյան, 79) 8․Ջուլիուս Դավիդ 20․Սիմոն Օոբոնդե (19․ Այգենիմ Բոաթենգ, 84)։