«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչխաչյանը հետևյալ տեսակետն է հայտնել Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Ուրարտուի» դեմ հանդիպումից հետո․
- Իմ կարծիքով, երկու թիմն էլ բավական զգույշ էին գործում: Կար պայքար, բայց գոլային պահերով հարուստ չէր խաղը: Երկրորդ կեսում երկու թիմերն էլ ունեցան գոլային պահեր, բայց այսօր երևի թե սպորտային ֆորտունան մեր կողմից էր, քանի որ «Ուրարտուին» էլ հաջողվեց գոլային պահեր ստեղծել: 0-0 հաշվի ժամանակ մեզ օգության հասավ դարպասաձողը, հետո էլ 1-0 հաշվի ժամանակ չօգտագործեցին իրենց ունեցած իրական գոլային հնարավորությունը:
Մենք կարողացանք փոխարինողների հաշվին թարմություն ստեղծել, կարողացանք համբերել ու սպասել մեր հնարավորություններին: Կարողացանք օգտագործել ստեղծած պահերը, որի հաշիվն էլ հասանք վերջնական հաղթանակի:
- Կարո՞ղ ենք ասել, որ Յակուբա Սիլուեն հիմնական կազմի ֆուտբոլիստ է:
- Կարող ենք ասել, բայց ոչ մի ֆուտբոլիստի տեղը մեկնարկային կազմում երաշխավորված չէ: Ելնելով հակառակորդից, մարզումային պրոցեսից մենք ընտրում ենք թիմի կազմը։ Բոլորն էլ պետք է առավելագույնս պատրաստ լինեն ցանկացած պահին մեկնարկային կազմում լինելու համար: