Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021 18:34

«Շլյոնսկը» նախախաղային մարզում անցկացրեց Գյումրիում

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության երկրորդ փուլում Երևանի «Արարատի» մրցակից Վրոցլավի «Շլյոնսկը» նախախաղային մարզում անցկացրեց Գյումրու քաղաքային մարզադաշտում, որին նախորդեց թիմի գլխավոր մարզիչ Յացեկ Մագերիայի և ֆուտբոլիստ Պատրիկ Յանասիկի ասուլիսը:

Լեհական թիմի պատվիրակությունը Գյումրի է ժամանել հուլիսի 20-ին, երեկոյան մարզում է անցկացրել քաղաքի այգիներից մեկում, իսկ այսօր վերջին մարզումն է անցկացրել խաղից առաջ: 

«Այստեղ գալուց առաջ գիտեինք, թե ինչպիսի եղանակ է պետք ակնկալել։ Եղանակն ու կլիման մեզ համար չեն կարող արդարացում լինել։ Մեր նպատակն է հաջորդ փուլ անցնելը»,- նշել է լեհական թիմի գլխավոր մարզիչը։ «Այն, որ հունգարացիները խաղից ընդամենը մեկ օր առաջ են Հայաստան ժամանել, որևէ կերպ չի ազդել երկու օր շուտ գալու մեր որոշման վրա։ Որպես ֆուտբոլիստ և մարզիչ եղել եմ Վրաստանում, Մոլդովայում, Մակեդոնիայում, Իսրայելում և Թուրքիայում։ Նման հեռու ուղևորությունների ժամանակ կարևոր է մեկ օր շուտ գնալն ու հարմարվելը»։

Պատրիկ Յանասեկը հետևյալն է ասել «Արարատի» մասին․ «Բավական լավ ուսումնասիրել ենք այս թիմին, սակայն շատ մանրամասներ չէի ցանկանա ասել։ Պարզապես կասեմ, որ մենք լավ պատրաստվել ենք և նպատակադրված ենք անցնել հաջորդ փուլ»։

Հիշեցնենք որ «Արարատ» - «Շլյոնսկ» հանդիպումը կայանալու է հուլիսի 22-ին, 17։00, Գյումրու Քաղաքային մարզադաշտում։