Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021 12:53

Վարդան Բիչախչյան․ «Լարվածություն չկա․ մտածում ենք հաջորդ փուլ դուրս գալու մասին»

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլը հաղթահարելուց հետո «Արարատին» երկրորդ փուլում բաժին է հասել լեհական «Շլյոնսկը»։

Թիմերի միջև առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 22-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 17։00-ին։

Հուլիսի 21-ին նախախաղային մամուլի ասուլիսին է ներկայացել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։

-Ի՞նչ վիճակով է թիմը մոտենում խաղին ու արդյոք հանդիպմանը պատրաստ են Խուան Բռավոն և Ալիկ Առաքելյանը։

- Թիմը լավ է պատրաստվել վաղվա խաղին։ Ալիկ Առաքելյանն ու Խուան Բռավոն նույնպես պատրաստ են հանդիպմանը։

- Ինչպե՞ս կգնահատեք հնարավորությունները վաղը խաղում։

- Հնարավորությունները գնահատում եմ 50/50։

- Արդյոք պատրաստվում եք վաղն ավելի հարձակվողական ֆուտբոլ խաղալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխան խաղում Լեհաստանում ավելի դժվար է լինելու։

- Մենք միշտ փորձում ենք բալանսավորված ֆուտբոլ խաղալ։ Ինչպես գիտեք Կոնֆերենցիաների լիգայում յուրաքանչյուր փուլ բաղկացած է երկու խաղից։ Իմ կարծիքով ամեն ինչ որոշվելու է Լեհաստանում, հետևաբար խաղալու ենք բալասավորված։ Ոչ մի դեպքում առաջին խաղում վա բանկ գնալու պատճառ չեմ տեսնում։

- Կհամեմատե՞ք «Շլյոնսկին» ու «Ֆեհերվարին»։ Կարծո՞ւմ եք, որ «Շլյոնսկի» հետ խաղն ավելի հեշտ կարող է դասավորվել։

- Ֆուտբոլում չկան հեշտ հանդիպումներ, հատկապես եվրագավաթային խաղերում։ Ըստ իս՝ «Ֆեհերվարն» ու «Շլյոնսկը» խաղամակարդակով հավասար են, հետևաբար շատ դժվար հանդիպում է սպասվում։ Երևի թե, վաղը խաղից հետո կունենանք որոշակի պատկեր։

- Ի՞նչ կասեք «Շլյոնսկի» ուժեղ և թույլ կողմերի մասին։

- Չեմ ցանկանում բացել «չակերտները», ուսումնասիրել ենք մրցակցին, դիտել ենք վերջին հանդիպումները։ Կասեմ, որ ուժեղ թիմ է՝ համալրված լավ խաղացողներով։ Գիտեմ նաև, որ թիմը գլխավորում է բավականին փորձառու մարզիչ։ Այդ փաստը, երևի, ամենակարևորն է։

- Մեծ փորձ ունեք «Շիրակում» աշխատելու, բայց երբեք երրորդ փուլում հանդես չեք եկել։ Արդյոք այդ առումով այս խաղը յուրահատուկ է Ձեզ համար։

- Չեմ կարող ասել, որ յուրահատուկ խաղ է, բայց ևս մեկ անգամ նման հնարավորություն է ընձեռնվել և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաղթահարենք երկրորդ փուլի արգելքը։

- Արդյոք ոչ-ոքի արդյունքը վաղվա խաղում կբավարարի Ձեզ։

- Չեմ ցանկանում կանխագուշակություններ անել։ Մենք ունենք հստակ ծրագիր խաղի համար։ Թե որքանով կաշխատի մեր մարտավարությունը, ցույց կտա խաղը։ Հետևաբար վաղվա խաղի արդյունքի մասին կխոսեմ հանդիպումից հետո։

-  Սերժ Դեբլեն նախորդ խաղերում անցկացրեց 37 և 54 րոպե։ Ե՞րբ նա պատրաստ կլինի խաղալ 90 րոպե ու որքանով է թիմի խաղաոճը կախված նրա ներկայությունից։

- Կարճ ժամանակում հնարավոր չէ ֆուտբոլիստին պատրաստել 90 րոպե խաղալու համար։ Շտապելու դեպքում վնասվածք ստանալու հնարավորություն կա։ Դեբլեն պրոֆեսիոնալ է ու «Ֆեհերվարի» հետ խաղից հետո մոտավորպես 1 շաբաթ ենք ունեցել պատրաստվելու համար։ Այդ ժամանակը աշխատում է հօգուտ Դեբլեի։ Շաբաթվա ընթացքում, թեկուզ մի փոքր, բայց կարողացել ենք բարելավել նրա ֆիզիկական վիճակը։ Այս խաղում, ամենայն հավանականությամբ, նա ավելի շատ խաղաժամանակ կստանա։

Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր խաղացող դաշտում շատ կարևոր է, այդ թվում նաև Դեբլեն։ Նա հարձակման գծի խաղացող է ու հույս ունենք, որ վաղը կկարողանա արդյունավետ խաղով աչքի ընգնել։ Մեզ համար, սակայն, կարևոր է թիմային խաղը։

- Դուք Եվրագավաթներում որակավորման փուլ հաղթահարելու մեծ փորձ ունեք: Բայց այն փաստը, որ «Արարատը» 22 տարի անց առաջին անգամ է որակավորման փուլ  հաղթահարել, ավելորդ լարվածություն և պարտավորվածություն չի՞ առաջացնում:

- Միգուցե առաջին փուլից առաջ կար մի փոքր լարվածություն, բայց հիմա չեմ կարծում, որ այդ փաստի վրա կարելի է ուշադրություն դարձնել։ Դա չի խանգարի մեզ․ չկա նման լարվածություն այլևս։ Այսօր մենք մտածում ենք, որ լավ խաղով կարողանանք հաղթահարել երկրորդ փուլի արգելքը։ Որքանով դա կհաջողվի, ցույց կտա խաղը։