Հինգշաբթի, 15 Հուլիսի 2021 23:50

Վարդան Բիչախչյան․ «Կարողացանք ամբողջ խաղի ընթացքում պահել կարգապահությունը»

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Ֆեհերվարի» դեմ խաղից հետո (2:0) ներկայացել է մամուլի ասուլիսի։

- Խաղի մասին։

- Առաջին խաղից հետո ես ասացի, որ ամեն ինչ որոշվելու է Գյումրում և քանի որ ՈւԵՖԱ-ն փոխել էր արտագնա գոլի կանոնը, այդ հաշիվը ոչ մի թիմի առավելություն չէր տալիս։ Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու։ Փառք ու պատիվ տղաներին իրենց նվիրումի, կատարած աշխատանքի, խաղին ամբողջությամբ տրվելու և դիմանալու համար։  Իհարկե, փառք ու պատիվ նաև այդ արդյունքը գրանցելու և հաջորդ փուլ դուրս գալու համար։ Մրցակիցը շատ լավ թիմ էր՝ համալրված որակյալ խաղացողներով։ Մենք գիտեինք, որ մեկ վայրկյան նրանց ժամանակ ու տարածություն տալու դեպքում անախորժություններ կունենայինք։ Կարողացանք ամբողջ խաղի ընթացքում պահել կարգապահությունը և գրանցել ցանկալի արդյունք։

- Եթե հաջորդ փուլում հնարավորություն լինի ընտրել, ապա որտեղ կխաղաք՝ Գյումրիո՞ւմ, թե՞ Երևանում։

- Միանշանակ Գյումրիում։

- Արդյոք կան տեղեկություններ Խուան Բռավոյի և Ալիկ Առաքելյանի վնասվածքների մասին։

- Ոչ, այս պահին չկան։