ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» մրցում է հունգարական «Ֆեհերվարի» հետ։
Առաջին խաղը կայացավ Սեկեշֆեհերվար քաղաքում, որն ավարտվեց 1։1 հաշվով։
Պատասխան խաղը կկայանա Գյումրիում, հուլիսի 15-ին։ Հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիսին է ներկայացել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
-Կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք բացակայելու են։
- Թիմը նորմալ է մոտենում վաղվա խաղին։ Վնասվածքի պատճառով վաղվա խաղին ներկա չի լինի Ռուդիկ Մկրտչյանը։ Մնացած խաղացողները պատրաստ են վաղվա խաղին։
- Մեկ անգամ նշել եք, որ նորեկներին դժվար է միանգամից ադապտացնել թիմին։ Արդյոք Հունգարիայում կայացած խաղը փոխեց ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ։
- Ո՛չ, եթե Հունգարիայում լավ խաղ ենք անցկացրել, չի նշանակում, որ իմ նշած բոլոր խնդիրները լուծվել են։ Պարզ է, որ ունենալով կարճ ժամանակ, պետք է առավելագույնն անեինք։ Ես նկատի եմ ունեցել ֆիզիկական վիճակը, քանի որ մայիսին բոլոր երկրներում ներքին առաջնություններն ավարտվում են և խաղացողները գտնվում են արձակուրդում։ Նոր խաղացողները միացան մեզ ու մենք չկարողացանք ունենալ բավականաչափ ժամանակ ավելի լավ պատրաստվելու համար։ Չէինք կարող անել այնպես, որ այն տղաները, որոնք նոր էին թիմում իրենց առավելագույն լավ վիճակով ներկայանային խաղին։
Երկու խաղերի միջև ընկած ժամանակահատվածում ունեցել ենք 4-5 մարզում և հույս ունեմ, որ տղաները վաղվա խաղին կնվիրվեն անմնացորդ և ամբողջ ուժերը կթողնեն դաշտում։
-Սովորաբար 1։1 հաշիվն արտագնա խաղում լավ արդյունք է համարվում։ Ձեզ ավելի շատ արդյունքը գոհացրեց, թե այն փաստը, որ գոլ բաց թողնելուց հետո թիմն իր մեջ ուժ գտավ պատասխան գնդակը խփելու համար։
- Պետք է ասեմ, որ մինչ գոլ խփելն էլ թիմը վատ տեսք չուներ։ Ունեինք գոլային պահեր, չկարողացանք ավելի դիպուկ գտնվել մինչ բաց թողած գոլը, իսկ գոլից հետո թիմը ցույց տվեց բնավորություն․ հավատում էր, որ կարող է խաղը փրկել։ Այդ հավատը օգնեց ավելացված ժամանակում գրոհ կազմակերպել ու այն գոլով ավարտել։
- Ալիկ Առաքելյանը կմասնակցի՞ հանդիպմանը։
- Ամեն ինչ նորմալ է։ Այո, կկարողանա մասնակցել վաղվա խաղին։
- Ի՞նչ հնարավորություններ ունի «Արարատը» պատասխան խաղում։
- Հնարավորությունները 50/50 եմ գնահատում։ Ֆավորիտը միայն թղթի վրա է։ Ամեն ինչի պատասխանը կտրվի խաղադաշտում։
- Ի՞նչ կասեք Գյումրի քաղաքում խաղալու մասին։ Ձեզ համար դաշտը հարազատ է։ Արդյոք դա առավելություն կլինի և արդյոք սպասում եք երկրպագուների աջակցության։
- Միանշանակ շատ եմ կարևորում այս փաստը։ Խաղալու ենք մի ստադիոնում, որտեղ ես անցկացրել եմ բավականին երկար ժամանակ՝ մեկ կյանք։ Այս փաստը նախ պարտավորեցնող է, երկրորդը՝ ոգևորող։ Այո՛, հույս ունեմ, որ գյումրեցի երկրպագուները կաջակցեն «Արարատին»։