Շաբաթ, 21 Նոյեմբերի 2020 15:35

Ակումբային ֆուտբոլը վերադառնում է

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում Վարդան Բիչախչյանի թիմը կմրցի «Ալաշկերտի» հետ։

Թիմերն այս մրցաշրջանում պետք է հանդիպեին դեռևս 3-րդ տուրի շրջանակում, սակայն այդ հանդիպումը հետաձգվել էր։ Այս պատճառով «Արարատն» ու «Ալաշկերտն» ընթացիկ մրցաշրջանում կհանդիպեն առաջին անգամ։ Խաղը տեղի կունենա «Նաիրի» մարզադաշտում, իսկ մեկնարկը կլինի 14։30-ին։

Մրցաշարային աղյուսակում թիմերը միմյանցից այդքան էլ հեռու չեն գտնվում։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 2-րդ հորիզոնականում է՝ անցկացրած 7 խաղից հետո իր ակտիվում ունենալով 12 միավոր։ «Արարատը» վաստակել է 10 միավոր և 5-րդ հորիզոնականում է, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել։

Երկու թիմերն էլ այս խաղին մոտենում են վերջին հանդիպումներում բավականին վստահ հաղթանակներից հետո։ Առաջնության վերջին տուրում «Ալաշկերտը» մրցեց «Նոայի» հետ և առավելության հասավ 2։1 հաշվով, իսկ գավաթային խաղում հաղթեց «Շիրակին» 1։0 հաշվով ու նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։ «Արարատն» իր հերթին, գավաթի խաղարկությունում ոչ մի խնդիր չունեցավ «Սևանի» հետ մրցավեճում։ Ընդհանուր 6։1 հաշվով հաղթանակի շնորհիվ Բիչախչյանի թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Առաջնության վերջին տուրում էլ «Արարատը» 4։0 հաշվով հաղթել էր Գյումրու «Շիրակին»։

Խաղը սպասարկելու է մրցավար Զավեն Հովհաննիսյանը, իսկ ՀՖՖ պատվիրակն է լինելու Աննա Թադևոսյանը։ Հանդիպմանը երկրպագուների մուտքը արգելված է։ Խաղին հնարավոր կլինի հետևել ՀՖՖ-ի Youtube-ի պաշտոնական ալիքով։