Երկուշաբթի, 24 Մայիսի 2021 20:08

«Արարատ»-«Ալաշկերտ» խաղից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի թերևս ամենակարևոր հանդիպումը կկայանա մայիսի 25-ին, Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» մարզադաշտում։ Միմյանց դեմ են դուրս գալու «Արարատը» և «Ալաշկերտը» այս մրցաշրջանում արդեն չորրորդ անգամ։ Թիմերը կհանդիպեն 3-րդ տուրից հետաձգված խաղի շրջանակում։

ԽԱՂԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաղթանակի դեպքում «Արարատը» կպահպանի չեմպիոնության տեսական հնարավորությունները, իսկ պարտության դեպքում կզրկվի չեմպիոն դառնալու հնարավորությունից։ «Ալաշկերտը» հաղթանակի դեպքում վերջին տուրից առաջ երկու միավոր կշրջանցի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Նոային», իսկ եթե պարտվի, դեռևս տեսական հնարավորություն կպահպանի չեմպիոն դառնալու համար։

Վերջին տուրից առաջ այս հանդիպումը շատ հարցերի պատասխան կարող է տալ՝ ամեն ինչ կամ ոչինչ։ «Արարատը», չնայած արդեն ապահովել է եվրագավաթային ուղեգիրը, այնուամենայնիվ պայքարում է ոսկե դուբլ անելու համար։ «Ալաշկերտը» մրցաշրջանի ամենաթեժ հատվածից առաջ մարզչական փոփոխություն կատարեց՝ Աբրահամ Խաշմանյանին փոխարինեց Ալեսանդր Գրիգորյանը։ «Ալաշկերտը» այս հանդիպումից բացի վերջին տուրում պետք է խաղա «Արարատ-Արմենիայի» հետ և այս երկու խաղերում հաղթանակի դեպքում կկարողանա նվաճել չեմպիոնական տիտղոսը։

ՄԱՐԶՉԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ալեքսանդր Գրիգորյանն այս մրցաշրջանում «Ալաշկերտի» երրորդ մարզիչն է՝ Եղիշե Մելիքյանից և Աբրահամ Խաշմանյանից հետո։ Տարոն Ոսկանյանի գոլը «Արարատ-Արմենիայի» դեմ խաղի վերջին րոպեներին Գրիգորյանի նորամուտը հաղթական դարձրեց։

«ԱՐԱՐԱՏԸ» ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՇԱՆՍԵՐԸ

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը 13 տարից անց ակումբի երկրպագուներին պարգևեց եվրագավաթների շունչը զգալու հնարավորություն՝ հաղթող դառնալով VBET Հայաստանի Գավաթում։ Իր առջև դրված նվազագույն խնդիրը «Արարատը» լուծել է և այժմ հերթը առաջնության ոսկե մեդալներինն է։ Վարդան Բիչախչյանը հայտարարել է, որ քանի դեռ կա նույնիսկ փոքր տեսական հնարավորություն, թիմը պետք է պայքարի չեմպիոնության համար։ «Արարատին» մնացել է երկու կարևոր հանդիպում․ դրանք կարող են տպավորիչ մրցաշրջանը ֆանտաստիկ դարձնել․․․

Գլխավոր մարզիչներ

«Ալաշկերտ» - Ալեքսանդր Գրիգորյան

«Արարատ» - Վարդան Բիչախչյան

Դիրքը՝ մրցաշարային աղյուսակում

«Ալաշկերտ» - 2-րդ հորիզոնական

«Արարատ» - 5-րդ հորիզոնական

Վերջին արդյունքները Պրեմիեր լիգայում

«Ալաշկերտ» - ՀՈՊՀՊ

«Արարատ» - ՊՈՈՈՀ

Ռմբարկուները Պրեմիեր լիգայում

«Ալաշկերտ» - Դավիդ Դավիդյան (5 գոլ)

«Արարատ» - Ուրոշ Նենադովիչ (7 գոլ)

Հանդիպումները միմյանց դեմ

«Ալաշակերտ» - 19 հաղթանակ

Ոչ-ոքի - 7

«Արարատ» - 9 հաղթանակ

Վերջին անգամ «Հանրապետական» մարզադաշտում

21․11․2020 թվական

 VBET Հայաստանի Գավաթ, եզրափակիչ

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 1։3 (Միհրան Մանասյան 85 – Աղվան Պապիկյան 12, Մորի Կոնե 19, 55)

Ինչպես դիտել

Հանդիպումը կարող եք դիտել ՀՖՖ Youtube—ի պաշտոնական ալիքով