Ռազմիկ Գրիգորյան

Հայկական ֆուտբոլի հետխորհրդային ժամանակաշրջանի ամենանշանավոր կերպարներից մեկը՝ Ռազմիկ Գրիգորյանը, պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Արարատում»։ 1991թվականից հանդես է եկել «Արարատի» փոխարինողների կազմում, այնուհետև տեղափոխվել հիմնական թիմ։
1993թ․ մրցաշջանում Գրիգորյանն «Արարատի» կազմում նվաճել է Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները՝ մեր թիմի կազմում մասնակցելով 26 հանդիպման, դառնալով 8 գոլի հեղինակ։ 
Գավաթային հաջողությունը Գրիգորյանն ու թիմակիցները կրկնել են նաև հաջորդ՝ 1994թ․ մրցաշրջանում։
Իր կարիերայի լավագույն տարիները Գրիգորյանն անցկացրել է հենց «Արարատում» և պատահական չէ, որ 1994 թվականին նա ծառայություններով հետաքրքրված էին մի շարք եվրոպական ակումբներ։ Գրիգորյանի՝ Սոֆիայի ԲԿՄԱ տեղափոխությունը Հայաստանի առաջնությունների պատմության մեջ հայ ֆուտբոլիստի՝  եվրոպական ակումբ առաջին տեղափոխություններից մեկն էր։ 1994թ․-ին Գրիգորյանն առաջին անգամ հրավիրվեց նաև ազգային հավաքական։ 
Մեկ տարի Գրիգորյանն անցկացնելով բուլղարական թիմում՝ հայ ֆուտբոլիստը մասնակցեց 14 հանդիպման՝ հեղինակելով 2 գոլ ու կատարելով 5 գոլային փոխանցում։
1995 թվականին Գրիգորյանը վերադարձավ հարազատ «Արարատ», սակայն մեկ տարի անց կրկին ուղևորվեց Բուլղարիա՝ այս անգամ միանալով Վառնայի «Սպարտակին»։ Չկարողանալով ամրապնդվել բուլղարական թիմում (մասնակցել է 3 հանդիպման)՝ Գրիգորյանը նորից վերադարձավ «Արարատ», իսկ 1996/97 մրցաշրջանից սկսեց հանդես գալ Երևանի «Երևանում»։
Երեք մրցաշրջան անցկացնելով «Երևանում»՝ Գրիգորյանը կարյերայի վերջնամասում նորից հայտնվում է «Արարատում», սակայն իր վերջին՝ 2001թ․ մրցաշրջանն անցկացնում է Երևանի «Սպարտակում»։
Հայաստանի ազգային հավաքականում Գրիգորյանը մասնակցել է 14 հանդիպման՝ նորամուտը նշելով 1994 թվականին՝ ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Հայկական ֆուտբոլի համար պատմական էր 1995 թ. մայիսի 10-ին Մակեդոնիայի հավաքականի հետ մրցավեճը (2։2)։ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին պաշտոնական խաղերում խփեց իր առաջին գոլը, որը հեղինակեց Ռազմիկ Գրիգորյանը։ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 6-ին, ազգային հավաքականը տարավ պաշտոնական խաղերում իր առաջին հաղթանակը՝ (2։1) հյուրընկալվելիս 2 գնդակ ուղարկելով նույն մակեդոնացիների դարպասը։ Ազգային հավաքականի կազմում պաշտոնական խաղերում մրցակցի հարկի տակ խփած առաջին գոլի հեղինակը ևս Ռազմիկ Գրիգորյանն է։

Մարզչական կարիերան Ռազմիկ Գրիգորյանը սկսել է 2006 թվականին Երևանի «Ուլիսում» որպես գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանի օգնական։ 2007/08 մրցաշրջանում, կրկին որպես գլխավոր մարզչի օգնական, Գրիգորյանն արդեն հարազատ «Արարատում» էր։ 2016 թվականին «Արարատ II»-ի ներկայիս գլխավոր մարզիչն ընդգրկվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում։ Այս ընթացքում ազգային ընտրանին մի քանի տպավորիչ հանդիպում անցկացրեց։ Հատկապես հիշարժան է Մոնտենեգրոյի հավաքականի նկատմամբ կամային հաղթանակը (3։2) հաշվով։ Հավաքականում Գրիգորյանն աշխատել է մինչև 2018 թվականը։ 2019 թվականին Գրիգորյանը կրկին ընդգրկվեց Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում, որը այս անգամ աշխատանքի էր անցել Վանաձորի «Լոռիում»։ 
Ռազմիկ Գրիգորյանը կարճ ժամանակ աշխատել է «Արարատ-Արմենիայում» որպես Վադիմ Սկրիպչենկոյի օգնական, ինչպես նաև գլխավորել 1-ին խումբը ներկայացնող «Դիլիջանը»։
2020 թվականի հուլիսից Ռազմիկ Գրիգորյանին վստահվել է «Արարատ-II»-ի ղեկը։