Ուրբաթ, 19 Մարտի 2021 18:03

46 տարի առաջ․ հաղթանակ «Բավարիայի» նկատմամբ

1974/75 թթ Եվրոպայի Չեմպիոնների Գավաթի խաղարկությունում ԽՍՀՄ Չեմպիոն «Արարատը» հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ մեր թիմի մրցակիցը գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» էր։ Առաջին խաղում գերմանական ակումբը սեփական հարկի տակ հաղթել էր 2։0 հաշվով։

«Արարատի» հետ պատասխան խաղից առաջ մրցակցի ֆուտբոլիստ Գերդ Մյուլերը նշել էր, որ իր թիմին դժվար հանդիպում է սպասվում, իսկ մյունխենցիների գլխավոր մարզիչ Դիտմար Կրամերը խաղից առաջ վստահություն էր հայտնել, որ իր ֆուտբոլիստները հաղթահարել են ճգնաժամն ու լավ խաղ են ցուցադրելու։

Գերմանական հանրահայտ «Kicker» պարբերականի լրագրող Հայմանը, սակայն, նշում էր, որ «Արարատի» հնարավորությունները իր երկրում ճիշտ չեն գնահատել։ Հայմանը վստահ էր, որ «Արարատը» չի ցուցադրել իր լավագույն հնարավորությունները Մյունխենում և դա պայմանավորված է նրանով․ որ հայերը բավարար ժամանակ չեն ունեցել խաղային պրակտիկա հավաքելու համար (ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնությունը դեռ չէր մեկնարկել)։ Լրագրողը խաղից առաջ իր հրապարակած նյութում նշել էր, որ երևանյան թիմը ոչ միայն իր համառության շնորհիվ է հասնելու հաջողության, այլ նաև բարձր տեխնիկական, կոմբինացիոն և արագ ֆուտբոլ խաղալու ունակությունների շնորհիվ։

Պատասխան խաղը տեղի ունեցավ 1975թ․-ի մարտի 19-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում, որտեղ «Արարատին» երկրպագելու էին հավաքվել շուրջ 70000 հանդիսականներ։

«Արարատի» և Մյունխենի «Բավարիայի» ավագներ Հովհաննես Զանազանյանն ու Ֆրանց Բեկենբաուերը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղից առաջ

Իր մեկնարկային կազմում Աշխարհի 8 չեմպիոն ունեցող Գերմանիայի ամենատիտղոսակիր թիմի դեմ խաղը հավերժ կմնա հայ երկրպագուների հիշողության մեջ։ Այդ օրը երևանյան թիմը իսկական դիմադրություն ցույց տվեց ու արժանի հաղթանակ տարավ հզոր մրցակցի նկատմամբ։ Խաղի միակ գոլը, Նիկոլայ Ղազարյանի եզրային փոխանցումից հետո գլխի գեղեցիկ հարվածով իր հաշվին գրանցեց «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը։

Ի դեպ, Ղազարյանն այդ խաղում հանդես էր գալիս վնասվածքով և, չնայած առողջական խնդիրներին, լավ հանդիպում անցկացրեց փոխարինվելով երկրորդ խաղակեսում։ Վերջինիս փոխարեն հանդիպման 64-րդ րոպեին խաղադաշտ մտավ «Արարատի» ապագա առաջատար, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ում համար «Բավարիայի» հետ խաղը առաջինն էր «Արարատի» հիմնական թիմի կազմում։

Խաղից հետո «Բավարիայի» գլխավոր մարզիչ Դիտմար Կրամմերի կարծիքը փոխվել էր։ Կրամերը շատ դժգոհ էր Ուլի Հյոնեսի խաղից․ «Պետք էր նրան ավելի շատ օգտագործել պաշտպանությունում, քանի որ հարձակման գծում նա ոչինչ չարեց։ Մենք իրավունք չունենք տոնելու հաջորդ փուլ անցնելը․ մեզ ստիպել էին քաշվել մեր դարպասի մոտ, գերազանցել էին գնդակին տիրելու հարաբերակցությամբ, ինչպես նաև շարժունակության մեջ։ «Արարատը» երկու շաբաթում ոտքի կանգնեց, իսկ մենք, կարծես, ավելի ցածր մակարդակում լինեինք»,- ասել էր մարզիչը հետխաղային ասուլիսի ընթացքում։
Մյունխենի «Բավարիան», «Արարատի» արգելքը դժվարությամբ հաղթահարելուց հետո կիսաեզրափակիչում երկու խաղերի արդյունքում 2։0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Սենտ Էտիենին», իսկ եզրափակչում առավելության հասնելով «Բարսելոնային» պայքարից դուրս թողած Անգլիայի չեմպիոն «Լիդս Յունայթեդի» նկատմամբ երկրոդ անգամ անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության հաղթող, իսկ «Արարատի» և «Բավարիայի» ֆուտբոլիստներ Էդուարդ Մարկարովն ու Գերդ Մյուլլերը 5-ական գոլով կիսեցին մրցաշարի լավագույն ռմբարկուի տիտղոսը։

19.03.1975 թվական, 18։30
«Հրազդան» մարզադաշտ, 70400 հանդիսական
«Արարատ» 1։0 «Բավարիա»՝ 
Գոլը՝ Արկադի ․Անդրիասյան

«Արարատ» - Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գևորգյան, Նորայր Մեսրոպյան, Ալեքսանդր Միրզոյան, Արկադի Անդրեասյան, Սերգեյ Բոնդարենկո, Հովհաննես Զանազանյան (Նազար Պետրոսյան) , Լևոն Իշտոյան, Էդուրադ Մարկարով, Նիկոլայ Ղազարյան (Խորեն Հովհաննիսյան)
«Բավարիա» - Զեպ Մայեր, Ջոնի Հանսեն, Բյոր Անդերսոն, Հանս-Գեորգ Շվարցենբեկ, Ֆրանց Բեկենբաուեր, Բերնդ Դյուրնբերգեր, Ուլի Հյոնես, Հանս-Յոզեֆ Կապելման, Գերդ Մյուլլեր, Կոնի Տորստենսոն, Կլաուս Վունդեր (Կառլ-Հայնց Ռումենիգե)