«Արարատի» գործադիր տնօրեն Արտյոմ Հակոբյանը պաշտոնապես հերքում է մամուլում տարածված այն լուրերը, ըստ որոնց թիմի ֆուտբոլիստները աշխատավարձ չեն ստացել: Ա. Հակոբյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է նաև այլ կարևոր թեմաների մասին:

«Շրջանառվող լուրերը այն մասին, թե ակումբի աշխատակազմը և ֆուտբոլիստները չեն ստացել իրենց աշխատավարձերը, ամբողջովին ապատեղեկատվություն են: Ակումբի ղեկավարությունը օրեր առաջ է ամբողջովին վճարել մարտ ամսվա աշխատավարձնրը՝ չնայած Հայաստանի առաջնությունները և ակումբի բնականոն աշխատանքը դադարեցված են կորոնավիրուսի համաճարակի պատճառով»,- ասել է «Արարատի» գործադիր տնօրենը:

— Պարոն Հակոբյան, ակումբի ղեկավարությունն այս օրերին ինչպե՞ս է համակարգում թիմի գործունեությունը:

— Պետք է նշեմ, որ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, թիմի ֆուտբոլիստները իրենք են նախաձեռնողականություն ցուցաբերել և առաջարկել մեկուսանալ Ձորաղբյուրի մարզաբազայում: Պատճառը կարծում եմ պարզ է՝ բոլոր խաղացողները ցանկանում են հետևել իրենց մարզավիճակին, իսկ ակումբի մարզաբազայում դրա համար առկա են բոլոր պայմանները: Մենք պահում ենք մեկուսացման և հիգիենայի բոլոր կանոնները: Ֆուտբոլիստներին տրամադրվել են պաշտպանիչ և ախտահանիչ միջոցներ, իսկ ակումբի մարզաբազայում ամենօրյա ռեժիմով իրականացվում են ախտահանման աշխատանքներ:

— Այս օրերի համար առանձնացվե՞լ է մարզումային ծրագիր:

— Թիմի մարզչական շտաբը շատ պրոֆեսիոնալ է: Խաղացողները մարզվում են մարզասարքերով, փորձում են պահել ֆիզիկական վիճակը և հետևում են մարզիչների կողմից մեկուսացման ժամանակ մարզավիճակը պահելու հրահանգներին:

— Ի՞նչ տրամադրվածություն է այս պահին թիմում:

— Իհարկե, բոլորը կարոտել են ֆուտբոլը: Բոլորս ցանկանում ենք՝ օր առաջ վերսկսվի առաջնությունը և շարունակենք պայքարը: Պետք է փաստեմ, որ այս մրցաշրջանում մեր արդյունքները շատ լավն են ու պայքարում ենք մրցանակային տեղերի համար: Վստահ եմ, որ առաջնության վերսկսումից հետո պայքարը նույն ձև թեժ կլինի և կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի: Ակումբի հովանավորներն այս մրցաշրջանում անում են հնարավոր ամեն բան դրական արդյունքի հասնելու համար: Եվս մեկ կարևոր փաստ, որը վերաբերվում է Ձորաղբյուրի մարզաբազայի հողատարածքին: Ինչպես Արարատ ակումբի մասնաբաժինների մեծամասնությունը, այնպես էլ Ձորաղբյուրի մարզահամալիրի հողատարածքն ամբողջությամբ պատկանում է ակումբի համասեփականատեր և նախագահ Հրաչ Կապրիելյանին: